
Արմավիրի ավագանին «քեֆ» է կազմակերպել. քաղաքապետը հետ է վերադառնում
Դեռ երեկ էինք տեղեկացրել, որ Արմավիրի քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի հարցը լուծվել է նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությամբ: Նախագահը քաղաքապետին հորդորել է գնալ եւ աշխատել՝ չընդունելով նրա հրաժարականի դիմումը (ՏԻՄ օրենքի համաձայն՝ կառավարությունն է ընդունում կամ մերժում ՏԻՄ ղեկավարի հրաժարականը):
Ավագանու անդամները, ովքեր փետրվարի 25-ին բավարարել էին քաղաքապետի հրաժարականի դիմումը, երեկ քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող «Հայկական խոհանոցում» տոնել են Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարության «բարի լուրը»:
Մեր տեղեկություններով Ռուբեն Խլղաթյանն այսօր արդեն քաղաքապետարանի իր աշխատասենյակում է եղել եւ ունեցել է բարձր տրամադրություն:
Արմավիրի քաղաքապետի մերձավորները լուրեր են տարածում, թե իբր Սերժ Սարգսյանը Ռ. Խլղաթյանին ասել է՝ «Դու ցմահ քաղաքապետ ես»: Հատկապես այս լուրը ցնցել է արմավիրցիներին, քանի որ նրանք օր առաջ ցանկանում էին ազատվել քաղաքապետից:
Չի բացառվում, որ Ռուբեն Խլղաթյանի հարցերը լուծելուց հետո ամբողջ պատասխանատվությունը բարդվի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վրա, քանի որ նա է եղել ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եւ նախագահական ընտրություններում չի կարողացել Սերժ Սարգսյանի համար շատ ձայներ հավաքել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել