
ԴիջիԹեք Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի մեկնարկը
Վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի մեկնարկը: Պաշտոնական բացումը կիրականացնեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
«Արդեն 4-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք Բիզնես ֆորումը ՏՀՏ ընկերություններին հնարավորություն է տալիս ներկայացնելու իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումները, բիզնեսի ավտոմատացման ծրագրերը, ինովացիոն մոտեցումները պոտենցիալ սպառողներին և հակառակը` բիզնեսի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն են ունենում գնահատելու` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը: Այսինքն, ֆորումը միտված է լրացնել այն բացը, որը դեռևս առկա է տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողների և գործարարների միջև»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով, DigiTec բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես-միջավայրում: «Ընկերությունների միջև երկխոսությունը և երկարաժամկետ գործընկերային հարաբերություններն են հիմք հանդիսանում զարգացող տնտեսության և պետության բարեկեցության համար: Եկել է ժամանակը, որ հայ խոշոր և փոքր ձեռնարկությունները մեծ ուշադրություն դարձնեն տեղական ընկերությունների ներուժին, քանի որ նրանց ծառայությունները և ապրանքները հաճախ չեն զիջում միջազգային ծառայություններ մատուցող ընկերությունների մակարդակին: Հենց այս խնդրի գիտակցմամբ է «ԱրմենՏել» ընկերությունը մոտենում DigiTec բիզնես ֆորումին»,- նշում է Իգոր Կլիմկոն:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են դարձել, ընդ որում` նաև առօրյա կյանքում: Մի կողմից թվում է` ՏՏ-ն մի ոլորտ է, որ անմիջապես արտադրանք չի տալիս, սակայն ՏՏ-ի ազդեցությունը զարգացումների, աշխարհի վրա շատ ավելի մեծ է, քան որևէ այլ ոլորտի: ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այն վայրն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները փորձում են ցուցադրել, ապացուցել իրենց առավելությունները: «Մայքրոսոֆթ» ընկերության համագործակցությունը բիզնես ֆորումի հետ արդեն ավանդույթ է դարձել, և այս տարի էլ համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորումը»,- նշում է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ընթացքում «ԱրմենՏել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները կներկայացնեն «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները:
Մեկնաբանել