
Հանրապետական կուսակցությունը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Երևանում
Նախօրեին օրինախախտները նորից ներխուժել են Վիշապների այգի, որը ամիսներ շարունակ Նոր Նորքի բնակիչների կողմից պաշտպանվում և խնամվում է։ Սկսել են ցանկապատել այգին, որտեղ գտնվում են վիշապաքարեր։ Այն բարեկարգվել է ՀՀԿ կողմից։
Հաշվի առնելով բնակիչների հուսահատ պայքարը նման կերպով ոտնահարելու գործելաոճը, հարուցված քրեական գործի ու դատական հայցի անտեսումը, ինչպես նաև թե տեղական և թե հանրապետական իշխանությունների, ՀՀ մշակույթի և հատկապես բնապահպանության և մյուս նախարարությունների թողտվությունը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը ոչինչ չի մնում, քան հայտարարել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակութային ցեղասպանության է իրագործում Երևան քաղաքում։
Ոչնչավում են մշակութային նշանակության բազմաթիվ հանրային տարածքներ, այդ թվում՝ Ուսանողական այգին (Աբովյան փ.), քանդակագործ Չուբարյանի արվեստանոցը (Նալբանդյան փ.), Վիշապների պուրակը (Գայի պող.) և այլ հանրային գոտիներ։
Երևանի ոչնչացված և այժմ ոչնչացվող հանրային տարածքը հետ վերադարձնելու փոխարեն՝ նոր գլխավոր ճարտարապետի կողմից անիմաստ և թանկարժեք գմբեթներ են նախագծվում Երևանի հրապարակի կենտրոնում, որն էլ ավելի է կաթվածահար անելու մեր քաղաքում մարդու կենսական միջավայրը։
Այս ամենն ուղղված է Հայաստանի քաղաքացու դեմ և հետապնդում է մշակութային շերտերի ոչնչացման նպատակ։ Որպես կառավարող ուժ` ՀՀԿ-ն և նրա ղեկավար կազմը ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում Երևանի մշակութային ժառանգության ոչնչացման համար։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Հետք». հենց նոր խմբագրություն զանգահարած բնակիչներն ահազանգեցին, որ այս պահին Վիշապների այգում հատվում են ծառեր:
Մեկնաբանել