
Տ. Ուրիխանյան. «ԲՀԿ-ից անընդմեջ սպասեք գործողություններ»
ԲՀԿ քաղաքական խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ու դրանից հետո սկսված բողոքի ակցիաների վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին»,- հայտարարության մեջ տեղ գտած հատկապես այս նախադասությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տալիս. ԲՀԿ-ն միանալո՞ւ է բողոքավոր զանգվածին, թե՞ կողքից է հետեւելու նրանց գործողություններին:
«Այս պահին ձեր զինանոցի համար վերցրեք այդ արտահայտությունները, ձեւակերպումները, հետեւեք մեր գործողություններին եւ ամեն ինչ պարզ կլինի: Մենք նոր բան չենք ասել, համեմատած խորհրդարանական, նախագահական ընտրություններից առաջ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածի հայտարարությունների հետ: Ասում ենք նույնը, դեռ ավելին` մի հատ էլ հիշեցնում ենք, բա որ ասում էինք երկրում լեցուն են խնդիրները, որոնք պետք է բերեին ահա այսպիսի իրավիճակի եւ բազմապիսի այլ վիճակների»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա ասելով` երկրի բազմաթիվ խնդիրների լուծմամբ է պետք զբաղվել, ոչ թե ինչ-որ այսրոպեական քաղաքական ակցիաներով:
«ԲՀԿ-ից անընդմեջ սպասեք գործողություններ. մենք երբեւէ չենք պասիվացել»,-ավելացրեց Տ. Ուրիխանյանը:
Մեկնաբանել