
«Գիլանը» կդառնա՞ արգելոց
ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս նախարար Արամ Հարությունյանի, այսօր կառավարության քննարկման է ներկայացնելու Խոսրովի անտառում գտնվող «Գիլան» արգելավայրի կարգավիճակի փոփոխության հարցը:
Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը նախարարը հիմնավորում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգի հավասարակշռության պահպանմամբ, ինչին հանգել են մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների քննարկումների արդյունքում:
Հիշեցնենք, որ «Գիլան» պետական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N673-Ն որոշմամբ` բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով: Արգելավայրը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում և զբաղեցնում է 118 հեկտար մակերես:
Կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի N1203-Ն որոշմամբ թույլատրվել էր «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար` մինչև 10 տարի ժամկետով: Հիմք ընդունելով այս որոշումները` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական և բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:
Աարգելավայրի տարածքում վարձակալի կողմից իրականացվել են կառուցապատման աշխատանքներ: «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ Էկոլոգիական հասարակական դաշինքի և մի շարք լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի, նախարարության աշխատակիցների, մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից կազմակերպվել է այցելություն «Գիլան» պետական արգելավայր, ինչից հետո ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցվել են:
Բնապահպանության նախարարի N181-Ա հրամանի համաձայն` ստեղծվել էր աշխատանքային խումբ` «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներն, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» կոչվող գյուղատեղում առկա տնտեսությունների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից ներկայացված երկու անդամ:
2011թ-ի մայիսի 30-ին բնապահպանության նախարարությունում կազմակերպվել է հանդիպում և քննարկում, որին հրավիրված են եղել նաև «Էկոլոգիական հասարակական դաշինքի» ներկայացուցիչներ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց փոխել «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը պետական արգելոցի:
«Ներկայացված որոշման նախագծի նպատակը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ողջ տարածքում պահպանության արգելոցային ռեժիմի կիրառման հնարավորության վերականգնումն է, ինչը կհանգեցնի նաև պետական արգելոցի պահպանության արդյունավետության բարձրացմանը: Որոշման նախագծի նպատակն է նաև պետական արգելոցի տարածքում ներկայացված էկոհամակարգերի ամբողջական պահպանության ապահովումը»,- նշվում է նախագծի նպատակի հիմնավորման մեջ:
Այսինքն` տվյալ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հեկտար մակերեսով տարածքի համար վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել նշված տարածքում ներկայացված էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել