
Շահվերդյանը կոչ է անում համախմբվել հայրենասիրության սիմվոլի՝ Ր. Հովհաննիսյանի շուրջ
Ազատության հրապարակում այս պահին ընթացքող հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:
«Մենք սովոր ենք երկարատեւ պայքարի. ուղիղ 25 տարի մեր ժողովուրդը պայքարում էր իր հայրենիքի ազատության, անկախության, արդարության համար: Մենք էլի կպայքարենք. ոչինչ այս կյանքում ինքն իրեն չի լինում: Մեր կուսակցությունն առաջինը կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին՝ հավատալով նրա խոսքին, կամքին, նվիրվածությանը եւ մեծագույն հայրենասիրությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, այո, այսօր մեր հայրենասիրության սիմվոլն է»,- ասաց Շահվերդյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին, իր մարտական ընկերներին, բոլոր իսկական հայրենասերներին համախմբվել Հովհաննիսյանի շուրջ:
«Որովհետեւ հայ ժողովուրդն այս պահին ունի իսկապես իրեն արժանի առաջնորդ»,- շեշտեց Շահվերդյանը եւ կոչ արեց օգնել ու զորավիգ լինել Ր. Հովհաննիսյանի հաղթանակին, ով «կարող է եւ պատրաստ է դա անել»:
«Հաղթանակի համար 2 պայման է պետք. աննահանջ ժողովուրդ եւ առաջնորդ: Մենք այսօր այս 2 պայմանն էլ ունենք»,- նշեց Մովսես Շահվերդյանը:
Մեկնաբանել