
Նիկոլ Փաշինյան. Րաֆֆի Հովհաննիսյանի դե ֆակտո հաղթանակը պետք է վերածել դե յուրե հաղթանակի
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում րոպեներ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի՝ բռնությունը չի կարողացել ՀՀ քաղաքացիներին հաղթել, կոտրել: Սակայն ՀՀ քաղաքացիները ևս դեռևս չեն կարողացել դե յուրե հաղթանակ տանել հայրենիքի տերը լինելու համար մեղվող պայքարում, վերջնական հաղթանակ տանել բռնության և ապօրինության նկատմամբ:
«Բայց և այն, որ որ փետրվար է, ու մենք նորից այստեղ ենք, նշանակում է ընդամենը մեկ բան՝ ՀՀ քաղաքացու հաղթարշավը անկասելի է, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է... Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ ժողովուրդը ընտրել է իր նախագահին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ինչպես և սպասվում էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները չեն արտահայտում ժողովորդի ընտրությունը: Փետրվարի 18-ի քվեարկությունն ապացուցեց, որ Հայաստանում հաստատված է ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ իշխանություններն ընտրություն անցկացնում են ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ բացառապես սեփական վերարտադրության նպատակով:
ՀԱԿ պատգամավորն ասաց, որ ՀՀ գործող իշխանության տրամաբանությամբ՝ ընտրությունը նրա համար է, որ իշխանությունը մնա իշխանություն, իսկ ընդդիմությունը նրա համար է, որ ապահովի իշխանության վերարտադրության ֆոնը: Սակայն ժողովուրդը, ինչպես 2008-ի, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրություններում մերժեց այս տրամաբանությունը:
«ՀՀ քաղաքացին 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի թվով 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց 30 վայրկյանանոց հեղափոխություն: Եվ այսօր մեր խնդիրը պարզ է և հստակ. այդ հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգիռ են օրինական իշխանություն հաստատելու գործում, պետք է աջակցեն այս գործընթացին, պաշտպանեն ժողովրդի իղձը, որոշումը, ընտրությունը, ընդ որում՝ առանց նախապայմանների, առանց բանակցությունների:
««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և ուրեմն առաջին հերթին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպես, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի... Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը, և դա չափազանց մեծ պատասխանատվություն է: ՀՀ լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, հիասթափության և ձախողումի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա սկսեց վանկարկել «հաղթանակ կամ ոչինչ», «հաղթանակ և ուրիշ ոչինչ», «հաղթանակ, հաղթանակ»: Ազատության հրապարակում հավաքված բազմությունն արձագանքեց:
«Քաղաքական առաջնորդությունը պիտի ժողովրդի հետ բացառիկ անկեղծ, առանց ենթատեքստերի և հանելուկների խոսակցություն ունենա, բացատրի, թե ինչպես, ինչ քայլերով, ինչ մեթոդներով, քայլերի ինչպիսի հաջոդականությամբ է պատրաստվում ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ: Մաղթենք, ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին բավարար կամք, իմաստնություն, վճռականություն և խոհեմություն՝ ժողովրդին, ՀՀ քաղաքացուն դեպի հաղթանակ առաջնորդելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա կոչ արեց հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերին և խոստանալ՝ «այլևս երբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում կամ որևէ այլ տեղ, այլևս երբեք ոչ մի բռնություն, այլևս երբեք ոչ մի արյուն, այլևս երբեք ոչ մի պարտություն»:
«Անգամ Նիկոլը չգիտի՝ ինչ է իրեն սպասում ապագա կառավարությունում, բայց ինքը իր հաջորդ ելույթում պիտի ասի՝ Րաֆֆին և մեր թիմը՝ ժողովուրդը: Շատ կարևոր մի բան նա ասաց՝ առաջիկա օրերի, շաբաթերի ընթացքում կազմավորվելու է նոր ժողովրդի, նոր Հայաստանի քաղաքացիակական և քաղաքական օրակարգը: Բոլոր կուսակցությունները, ազատ քաղաքացիները, Թռչկանը, Մաշտոցը, բոլորս միասին պետք է ստեղծենք Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո:
Լուսանկարը` Սառա Անջարգոլյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել