
Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին հրավիրում է վաղվա հավաքին
Այսօր՝ ժամը 5-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Բացի լրագրողներից՝ հավաքվել էին նաև այլ քաղաքացիներ, ովքեր աջակցությունն էին հայտնում Ր. Հովհաննիսյանին՝ պարբերաբար գոռալով «Րաֆֆի նախագահ»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 5-ին, նույն տեղում բոլորին հրավիրում է մասնակցելու հավաքին, այդ հրավերն ուղղված էր նաև Սերժ Սարգսյանին:
«Վաղը մինչև ժամը 5-ը ես մեծ ուրախությամբ, մեծ պատվով կհանդիպեմ Սերժ Սարգսյանին, եթե ինքը ցանկանա: Միասին կքննարկենք իշխանության փոխանցումը ժողովրդին»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ սահմանադրական բոլոր եղանակներով տանելու է այս պայքարը, բայց «ոչ թե մինչև վերջ, որովհետև վերջը ուշ է, այլ մինչև հաղթանակ, ժողովուրդը հաղթել է»: Նա կոչ արեց բոլորին վաղը՝ մինչև ժամը 5-ը, «մաքրվել, ընդունեն իրենց սխալը, և ամեն մեկն իր պատասխանատվությունը ստանձնի»:
«Մենք գնալու ենք դեպի այդ լուծումը, որ 20 տարի մեր նախագահների օրոք գողացվել է ժողովրդից: Ես իմ կյանքի գնով թույլ չեմ տալու այդ գողությունը»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Վերջինս, մեկնաբանելով միջազգային դիտորդների գնահատականները, նշեց, որ հայ ժողովրուդը արդեն դուրս է եկել այս թատրոններից:
«Դիտորդներն ինչ ուզում են, թող գրեն, իրենք գիտեն իրականությունը, բայց իրենց վերջնական եզրակացությունը դեռ չեն տվել: Այս առավոտ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը խոսեց երկու բանի մասին. անմրցունակ ընտրությունների և ինչ-որ թանաքի մասին: Դա իրենց իրավունքն է: Այս ընտրությունը մրցունակ գրեն, թե անմրցունակ՝ ժողովուրդը հաղթեց: Իրենց որոշելիքը չէ, թե Հայաստանն ինչ տեսակի ընտրություն պետք է ունենա, իրենց որոշելիքը չէ՝ Հայաստանի քաղաքացին ինչ տեսակի իրավունք, Սահմանադրություն, պետություն պետք է ունենա. դա մեր որոշումն է, և մենք դա որոշեցինք երեկ՝ փետրվարի 18-ին», - հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
Մեկնաբանել