
Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում, թե արդյոք հաղթել է
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսում չպատասխանեց լրագրողների հարցերին, փոխարենը հանդես եկավ ճառով, մեկը՝ հայ լրագրողների, մյուսը՝ անգլախոսների համար:
Ըստ Հովհաննիսյանին՝ փետրվարի 18-ը հաղթանակի օր է, եւ հայ ժողովուրդը 20 տարվա ընթացքում նշում է առաջին հաղթանակը: «Մենք բոլորս հաղթող ենք: Հայ ժողովուրդը ազգ եւ պետություն է դարձել: Ժողովուրդը խոսել է, քվեարկել է»,- իր խոսքում նշեց թեկնածուն:
Չնայած սրան՝ նա նաեւ նշեց, որ տեղ են գտել անազնիվ, անարդար տարրեր, կեղծիքներ, ինչը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ ամեն ինչ ուղղահայաց էր, եւ կար վախի մթնոլորտ: «Ով խեղում է Հայաստանի քաղաքացու ձայնը, պատասխան է տալու»,- վճռական տոնով հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրան՝ ինքը 5 տարի հետո վերընտրության չի մասնակցելու, եւ իշխանությունը փոխանցելու է նոր սերնդին, եւ իրեն պետք է միայն «5 տարի հայ ժողովրդի հետ ծառայել»:
«Ոչ մեկ չի պարտվել, պարտվել է վախը, փոքրոգությունը: Հայ ժողովուրդն այսօր այո է ասել մեր երկրի ապագային»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր խոսքում նա կարեւորեց նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի վաստակը հայ պետականության կայացման գործում՝ նշելով, որ նա մնալու է պատմության մի մաս: Ասուլիսի վերջում մի հարց հնչեց. «Պարոն Հովհաննիսյան, Դուք հաղթե՞լ եք», ինչը մնաց անպատասխան: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցերի պատասխանը ստանալու համար հրավիրեց Ազատության հրապարակում արդեն այսօր՝ ժամը 17:00-ին, կայանալիք հանրահավաքին:
Վերջում մի քանի խոսք ասաց նաեւ անգլախոս լրագրողների համար, որտեղ կրկին շեշտեց, որ սա ոչ թե Րաֆֆի կամ Սերժի հաղթանակն էր, այլ՝ ժողովրդի: Նա հատուկ շեշտադրում կատարեց ՀՀ արտաքին քաղաքականության, Ցեղասպանության ճանաչման վրա:
Մեկնաբանել