
Էջմիածնում տաքսիների գերակշիռ մասն աշխատում է Սերժ Սարգսյանի համար
Էջմիածնում այսօր տաքսիների գերակշիռ մասն աշխատում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի համար: Նրանք շենքերից ընտրողներին տեղափոխում են ընտրատեղամաս եւ ապահովում նրանց «բարեհաջող» վերադարձը դեպի տուն:
Թիվ 19/18 ընտրատեղամասի բակում տաքսիները հերթով կանգնած էին: Վարորդներից մեկն ասաց, որ այսօր իրենց վճարել են եւ պարտավորություն ունեն մինչեւ օրվա վերջ ընտրողներ տեղափոխել տեղամասեր: Հարցին, թե որքան են վճարել նման ծառայության համար, վարորդն ասաց. «Խիստ գաղտնիք ա»:
Թիվ 19/18 հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հայկ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղամասի ներսում որեւէ միջադեպ չի եղել, եւ ընտրությունները հանգիստ ընթանում են, սակայն պասիվություն է նկատվում:
Այս ընտրատեղամասում 1997 ընտրողից, ժամը 13-ի դրությամբ քվեարկությանը, մասնակցել է 375 ընտրող:
Թիվ 19/10 ընտրատարածքում քվեարկության էին բերել 90 տարեկանից մեծ մի տատիկի: Նրան գրեթե քարշ տալով էին բերում ընտրատեղամաս, քանի որ մեծ դժվարությամբ էր քայլում:
Այլ տեղամասերում եւս ծերերին ավտոմեքենաներով էին բերում եւ օգնում էին, որ նրանք քվեարկեն, բնականաբար՝ Սերժ Սարգսյանի օգտին:
Զավեշտալի դեպք գրանցվեց թիվ 19/08 ընտրատարածքում: Մի տատիկ, ում տաքսիով բերել էին ընտրության, գրեթե չգիտեր, թե ինչի համար է տեղամաս եկել: Նա չէր էլ գիտակցում, թե ում պետք է ընտրի: Իրեն տեղամաս բերող երիտասարդի օգնությամբ նա քվեարկեց եւ, երբ պետք է քվեաթերթիկը գցեր ընտրատուփի մեջ, բարձր բղավեց. «Հիմա էս քվեաթերթիկը գցեմ գետնի՞ն»:
Ընտրությունը բարեհաջող ավարտելուց հետո, ասաց, որ իրեն ինչպես բերել են այնպես էլ տուն տանեն:
Նշենք, որ Էջմիածնի ընտրատեղամասերի մեծ մասում, բացի Սերժ Սարգսյանից, այլ թեկնածու վստահված անձ չունի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել