
ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 7 զանգ՝ ընտրացուցակների անճշտության և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ժամը 8-ից 11:30-ի ընթացքում Երևանից ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 7 ահազանգ, իսկ մարզերից ահազանգեր դեռևս չեն եղել:
ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Հետքին» հայտնեց, որ ահազանգերը վերաբերել են ընտրացուցակների անճշտությանը և ընտրակաշառք բաժանելուն: Ահազանգողները չեն ասել, թե ով, որտեղ և երբ է ընտրակաշառք բաժանել, այլ միայն նշել են, որ ընտրակաշառք է բաժանվում, և անջատել հեռախոսը:
«Քանի որ ընտրակաշառքի դեպքերը անանուն են եղել, նույնիսկ չենք կարողացել ստուգել՝ արդյոք ինֆորմացիան իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Դեպքի վայրը նշված չէ, որ արագ արձագանքման խումբը գնա»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը:
ՄԻՊ արագ արձագանքման շարժակազմերն այս պահին մոնիտորինգ են իրականացնում տարբեր ընտրատեղամասերում: Դեռևս այնպիսի ահազանգ չի ստացվել, որ արագ արձագանքման խումբը մեկնի դեպքի վայր:
Մեկնաբանել