
«Ժառանգություն». անձեռոցիկով մաքրվող կնիքից մինչեւ վերմիշելով ծրար
«Խախտումները բառացիորեն չենք հասցնում արձանագրել: Ժամը 13:00-ին ամփոփ կներկայացնենք գրանցված խախտումները»,- մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա ասելով՝ 1995-ից տարբեր կարգավիճակներով մասնակցում է ընտրություններին, սակայն «այսպիսի խայտառակ, զանգվածային ու համակարգային խախտումներ» չի հիշում: Խուրշուդյանի ասելով՝ իրենց ահազանգել են բազմատեսակ խախտումների մասին թե Երեւանում, թե մարզերում:
«Ահազանգեր՝ ընտրակաշառքի, ուղղորդված քվեարկության, հիմա նաեւ՝ լցոնումների ու թանաք ցնդեցնելու նոր մեթոդաբանության վերաբերյալ: Սովորական թաց անձեռոցիկով որ քսում եք, կնիքը մաքրվում է: Շատ դեպքերում ՀՀԿ-ական վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին: Մարդկանց հատ-հատ բերում են ցուցակներով: Տեղեր կան, որտեղ վախեցրել են մարդկանց՝ ասելով, որ կետ ենք անում անձնագրում, որը ցույց է տալիս, թե ոնց եք քվեարկել: Մի տեղ ասում են, որ վերմիշել պետք է գցել ծրարի մեջ, որ իմանանք, որ դուք եք քվեարկել»,- նշեց «Ժառանգության» խոսնակը:
Խուրշուդյանը չցանկացավ մեկնաբանել գործող նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ իր վստահված անձանց Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին զիջելու մասին: Նա միայն ասաց, որ 13:00-ին հրավիրվելիք ասուլիսի ժամանակ կներկայացնեն իրենց դիրքորոշումները:
Լուս.՝ azatutyun.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել