
Վիճաբանություն՝ ընտրելու իրավունքի վերաբերյալ
Թիվ 9/09 ընտրատեղամասի նախագահ Արա Կիլիչյանը (ՀՀԿ) 9:20-ի դրությամբ քվեարկողների հոսքը գնահատեց պասիվ, սակայն նշեց, որ ընթացքը նորմալ է: Մեր ներկայության պահին տեղամասում քվեարկում էին նաեւ մի խումբ զինվորականներ:
Այդուհանդերձ, նույն ժամանակ էլ գրանցվեց օրվա առաջին միջադեպը, չնայած Ա. Կիլիչյանն այն այդպես չորակեց: Բնակչուհիներից մեկը քվեարկության էր եկել երեխայի հետ, որը չափահաս էր, սակայն, ըստ էության, թերզարգացած: Նա չէր խոսում, դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ առանց ուղեկցի:
ՀՀ Ընտրական օրենսգրքով՝ «Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները» (հոդված 2): Սակայն քանի որ առկա չէր որեւէ տեղեկանք անգործունակության մասին, քաղաքացուն տրամադրվեց քվեաթերթիկ:
Հանձնաժողովի նախագահի խնդրանքով անձամբ ուղեկցեցինք քվեատուփի մոտ, չնայած մայրը զարմանում էր, որ եթե ինքն է խնամակալը, ինչու ինքը չի կարող անձամբ օգնել իր երեխային: Հանձնաժողովի անդամ Արեգ Գեւորգյանը (ՀԱԿ) հայտարարեց, որ արձանագրելու է սա որպես բաց քվեարկություն, քանի որ մայրը քվեարկության ժամանակ կանգնած էր երեխայի կողքին՝ քվեատուփի մոտ: Մեր կողմից հավելենք, որ, այնուամենայնիվ, կինը որեւէ կերպ չմիջամտեց:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:
Այդ ընթացքում ՏԸՀ-ի անդամներից ոմանք սկսեցին բողոքել, որ մայրը ոչինչ չգիտակցող երեխային բերել է տեղամաս: Ա. Կիլիչյանն էլ մեզ հետ զրույցում համաձայնեց, որ քաղաքացին, ըստ էության, անգործունակ է: Միաժամանակ նշեց, որ նորմալ երեւույթ է, երբ քվեարկել չկարողացող անձին օգնում է մեկ այլ քաղաքացի: Այստեղ, սակայն, հարցն այն է, որ քաղաքացին ակնհայտորեն ուղղակի չէր գիտակցում իր գործողությունների էությունը:
Մեկնաբանել