
Մ. Վարագյան. «Մենք ունենք քաղաքականության մեջ մարդիկ, բայց չունենք մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ»
«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մերի Վարագյանը
Ըստ ձեզ` նախագահի թեկնածուների կողմից քաղաքական ո՞ր տեխնոլոգիաներն են ավելի արդյունավետ օգտագործվել նախընտրական շրջանում:
Տեխնոլոգիաներն այսօր` նախընտրական շրջանում, մեր թեկնածուների կողմից այդքան էլ չեն օգտագործվում, այսինքն` անտեսվում են: Մենք չունենք տեխնոլոգիական համապատասխան գործիք, որով կարողանանք ճիշտ քարոզչություն իրականացնել: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցած մշակույթով, քաղաքական դաշտում իրենց ճիշտ կոմղնորոշվելու ունակությամբ, պրոֆեսիոնալիզմի մակարդակով, շփման շրջանակների նեղությամբ: Այսինքն` նաև չունենք շփման այն շրջանակը, որով կարողանանք ընտրենք և օգտագործենք ճիշտ տեխնոլոգիա:
Կարծում եմ` մեր թեկնածուներն օգտագործում են իրավիճակային տեխնոլոգիաներ` քարոզչություն, հանդիպումներ, համապատասխան հավաքներ: Տեխնոլոգիաների ընտրությունն ավելի շատ պահանջում է հմտություն քաղաքական դաշտում և թրծվածություն, որն այսօր չկա: Այդ առումով տեխնոլոգիական ընտրությունը մեր քաղաքական դաշտում չկա: Այդ տեսանկյունից մեր քարոզարշավները կարող եմ գնահատել թերի: Իհարկե, դա մարսվում է հասարակության լայն շրջանակների կողմից, որովհետև մեր հասարակությունը չի ձգտում ստանալ համապատասխան ճիշտ, տեխնոլոգիապես զինված նյութ, մենք բավարարվում ենք նրանով, ինչ մեզ մատուցում են:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ չկան քաղաքական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները, որովհետև նախագահի թեկնածուների մեծ մասը նոր չէ քաղաքական դաշտում:
Երկար տարիներ քաղաքական դաշտում լինելը դեռ չի խոսում քաղաքական գործչի պրոֆեսիոնալիզմի մասին: Մենք ունենք քաղաքականության մեջ մարդիկ, բայց չունենք մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ: Ոչ թե ճիշտ քաղաքականությամբ, այլ ընդհանրապես քաղաքականությամբ: Դա է պրոֆեսիոնալզիմը` կարողանալ քաղաքականությունը ծառայեցնել մեզ: Ես չեմ ասում, թե ավելի երիտասարդ ու նոր կադրերը կարող են կիրառել այդ տեխնոլոգիաները, որովհետև նրանք փորձ չեն ունենա քաղաքականության մեջ: Պետք է կարողանալ ճիշտ համադրել այդ ամենը` ժամանակային գործոնը, պրոֆեսիոնալիզմը, փորձը և շփման լայն շրջանակները: Մեր թեկնածուների մոտ դա է հիմնական խնդիրը:
Ունենք թեկնածուներ, որոնց հետ աշխատում են բավականին լուրջ փորձագետներ, տեխնոլոգներ, ու դրա արդյունքը մենք տեսնում ենք: Եթե մենք տեխնոլոգիան վերցնում, դնում ենք քաղաքական դաշտում ու փորձում ենք կիրառել, պետք է դա մինչև վերջ արվի: Վերջնանպատակն այն է, որ այդ տեխնոլոգիան, որ մենք կիրառում ենք, մեզ հաջողություն բերի, բայց կարող է այն նաև հաջողություն չբերել: Դա կապված է մի շարք հանգամանքերի հետ, որոնք կարող են գոյություն ունենալ տվյալ երկրում տվյալ քաղաքական ժամանակահատվածում:
Այնուամնեայնիվ, քաղաքական ո՞ր տեխնոլոգիան կառանձնացնեիք, որն ավելի շատ է օգտագործվում մեր քաղաքական դաշտում:
Որպես քաղաքական տեխնոլոգիայի ձև` մենք օգտագործում ենք PR տեխնոլոգիան: Քաղաքական գործչի կերպարի ձևավորումը ազդում է հասարակական կարծիքի ձևավորման կամ վերափոխման վրա: Այսօր դա մեծ չափով օգտագործվում է քաղաքական դաշտում` հիմնականում թեկնածուների կողմից, ինչը նրանց մոտ ստացվում է:
Թեկնածուների քարոզարշավն ու PR-ը որքանո՞վ են նպաստել նրանց վարկանիշի բարձրացմանը նախընտրական ժամանակահատվածում:
Կարծում եմ` ոչ մեկի վարկանիշը սրանից ոչ բարձրացավ, ոչ իջավ: Ուղղակի կան մարդիկ, որ մի փոքր հայտնի դարձան քաղաքական դաշտում ոչ թե իրենց կիրառած տեխնոլոգիաների, այլ երևի իրենց վառ երևակայության և շփումների շնորհիվ: Նրանք փորձեցին քաղաքական դաշտում ցույց տալ իրենց «ես»-ի որոշակի դրսևորում: Որպես այդպիսին, մեզ մոտ վարկանիշ չձևավորվեց: Բոլոր թեկնածուները մնացին այնպիսին, ինչպիսին կային: Չունենք կայծակնային դեպք, որն ազդել է որևէ թեկնածուի վարկանիշի վրա:
Իսկ Պարույր Հայրիկյանի դե՞պքը:
Նրա մասին խոսում էին, նրան ճանաչում էին: Ուղղակի որոշ վերլուծաբանների կարծիքով` դա ակտիվացրեց Հայրիկյան անձի գործունեությունը, ավելի հետաքրքիր դարձրեց այն: Գուցե ինքը շահեց նաև հասարակական որոշակի շրջանակների համակրանքը: Կարծում եմ` դա լուրջ տոկոսային հարաբերակցության տարբերություն չի տա:
Նախագահի թեկնածուները տարբերվում են միմյանցից իրենց քարոզարշավով: Բայց կարելի՞ է եզրակացնել, որ նրանք, ըստ էության, չկարողացան քաղաքական նոր տեխնոլոգիա ներմուծել քաղաքական դաշտ:
Կարծում եմ՝ այդպես է: Տեխնոլոգիական առումով զինվածություն չունենք: Մենք ունենք որոշակի ձևավորված կերպար քաղաքական գործիչների շրջանակներում, ունենք որոշակի տիպավորված անձինք, որոնց վերագրում ենք ինչ-որ հատկանիշներ: Բայց դա չափազանց քիչ է, որպեսզի ասենք, որ տեխնոլոգիապես հզոր է այս թեկնածուն և տեխնոլոգիապես ավելի թույլ է մյուս թեկնածուն: Համապատասխան պատրաստվածության կադրեր այսօր չկան: Հուսով եմ` առաջիկա ընտրությունների ժամանակ կփորձենք ավելի նորարար ձևով ներկայանալ:
Բայց ամեն դեպքում բազմազանություն չկա՞ թեկնածուների՝ թեկուզ քարոզարշավի իրականացման ձևերի մեջ, որով նրանք առանձնանում են:
Բոլորն էլ առանձնանում են, բայց առանձնանում են իրարից, ոչ թե հասարակության աչքին: Շոշափելի տարբերություն ես չեմ տեսնում:
Ի՞նչ է պետք, որ քաղաքական տեխնոլոգիաների մշակույթը մեզանում տարածվի:
Նախ և առաջ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ ունենանք պրոֆեսիոնալզիմ, շփվելու, վերցնելու ունակություն: Ամերիկյան կամ արևմտյան մոդելն իրենից չի ենթադրում ինքնուրույն և կայացած մոդել, բայց իրենք ունեն վարկանշային բարձր տեխնոլոգիաներ, որոնցով ուղղորդվելը մեր տիպի պետությունների համար շատ օգտակար կլիներ:
Ցանկացած պետություն պետք է տեխնոլոգիան վերցնի, բայց կարողանա ճիշտ պրոեկտի իր քաղաքական դաշտում. գոյություն ունեցող քաղաքական հանգամանքների հետ հարմարեցնի, ճիշտ ադապտացնի: Բայց մենք մի քիչ մեկուսի ենք: Մեզ մոտ կա ռուսական ուղղվածությունը տեխնոլոգիաների առումով, բայց չմոռանանք, որ տեխնոլոգիան արևմտյան հասկացություն է: Պետք է ընդարձակել շփման շրջանակը, փորձենք ճիշտ մասնագետներ ընտրել, հրավիրել, որպեսզի կարողանանք գոյություն ունեցող իրավիճակում ճիշտ մարդիկ, գործիքներ ընտրել:
Մեկնաբանել