
Սերժ Սարգսյանը Արմավիրում է. քաղաքացիներին ավտոբուսներով բերում են հանդիպման
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ է ունենում Արմավիրի մարզում: Նա արդեն եղել է Էջմիածնում, իսկ մոտ մեկ ժամից կլինի Արմավիր քաղաքում եւ մշակույթի պալատի դիմացի հրապարակում կհանդիպի ընտրողներին:
Այս պահին Արմավիրի դպրոցներից, պետական հիմնարկներից աշխատակիցներին պարտադրում են գնալ նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը: Մեր տեղեկություններով` Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին, ինչպես նաեւ հարեւան գյուղի բնակիչներին ավտոբուսներով նույնպես բերում են հավաքին:
Գյուղապետներն անձամբ են հոգում, որ բնակիչները ներկայանան Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Իսկ ժամը 12-ից փակել են Արմավիրի Հանրապետություն փողոցը:
Նշենք, որ նման «արտակարգ» միջոցառումներ իրականացվում են թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանի դեպքում:
Օրինակ` երեկ նույն տարածքում նախընտրական հանդիպում է ունեցել թեկնածուներից Հրանտ Բագրատյանը: Թեեւ թեկնածուն նախապես համայնքապետին տեղեկացրել էր իր հանդիպման մասին, սակայն, երբ նա ժամանել է մշակույթի պալատի դիմացի հրապարակ, այդ տարածքում «շինաշխատանքներ» էին իրականացվում. պատրաստում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման բեմը:
Արմավիրցիներից մեկը պատմեց, որ Հրանտ Բագրատյանը ստիպված պետք է իր ընտրողների հետ հանդիպեր Սերժ Սարգսյանի պաստառների «հովանու ներքո» եւ թեկնածուն ստիպված է եղել կենտրոնական հատվածից հեռանալ: Նշենք, որ Հ. Բագրատյանի հանդիպման ժամանակ որեւէ փողոց չի փակվել, ինչը անում են գործող նախագահի դեպքում:
Լուս.՝ Ս. Սարգսյանը՝ արտաշատցիների հետ հանդիպմանը
Մեկնաբանել