
«Երեք օրից հետ կգամ, մամ…». գիրք` նվիրված արցախյան պատերազմի ազատամարտիկին
«Բանակից նոր զորացրված Վաղինակ Զաքարյանը գիտեր` ինքնապաշտպանական պայքարը, որ հայերս ազգովի պիտի մղեինք, օրհասականից օրհասական կլիներ: Ֆիդայիններս մեր կյանքի գնով պիտի պաշտպանեինք թե Հայաստանի սահմանները, թե Արցախը»:
Այսպես է սկսում պատմել Լարիսա Գևորգյանը Արցախի պատերազմում հատուկ նշանակության խմբի ազատամարտիկ Վաղինակ Զաքարյանի պատմությունը, ով զոհվել է Բերձորում: Նրա հիշատակին է նվիրված գրողի «Երեք օրից հետ կգամ, մամ…» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 5-ին:
Հեղինակը գրքում ներկայացնում է, որ երբ Վաղինակին ու Սամվելին (խմբի մեկ այլ անդամ) ուղարկում են հետախուզելու տարածքը, նրանք ընկնում են թշնամու դարանը. երկուսի դեմ մարտի են դուրս գալիս հարյուրը: Եվ երբ թշնամին փորձում է գերի վերցնել տղաներին, նրանք կատաղի դիմադրում են:
«Կայծակ Վաղոն իր կատաղի դիմադրությամբ այն աստիճան էր գազազեցրել հակառակորդին, վիրավոր վիճակում այնքանին էր վերացրել, որ սկսել էին դիմահար կրակել վրան: Մարմնին ինքնաձիգի յոթանասուներկու հետք կար, ուսերից վեր` մատնաչափ վերքեր»:
Վաղինակի պատմությունը ներկայացվում է նրա թե մանկության ընկեր, թե մարտընկեր Զավենի միջոցով` ներկայացնելով նաև նրա ապրումները, հույզերը, մտքերը, ով դառնում է պատմվածքի երկրորդ հերոսը:
«Նրանք բոլորը հերոս էին, մահն աչքի առաջ ունեին, նրանցից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող էր մեռնել: Եվ երբ տղաներից մեկը մեռնում էր, իրենք ասում էին` հաջորդը ես եմ»,- ասում է Լ. Գևորգյանը:
Գիրքը ներառում է 5 պատմվածք, որոնցում ներկայացված են ամենատարբեր ճակատագրեր: Լ. Գևորգյանը նշում է, որ բոլոր պատմվածքները ճանաչողական և հայրենասիրական հենք ունեն, սակայն իր գիրքը սկսում է Վաղինակի պատմությամբ, քանի որ նա հատուկ նշանակության խմբի առաջին զոհերից մեկն է: Գրողն այժմ էլ շարունակում է աշխատել մի գրքի վրա, որտեղ ներկայացվելու են հատուկ նշանակության խմբի բոլոր անդամների պատմությունները:
Լարիսա Գևորգյանը խոստովանում է, որ գիրքը գրելիս դժվարություն չի ունեցել. «Երբ թեման գիտես, նստում ես համակարգչի առջև, ու գնում է հոսող ջրի նման»: Նրա խոսքերով` միակ խնդիրը եղել է հրատարակելը. Լարիսա Գևորգյանը ցանկանում էր գիրքը պատրաստի ունենալ նոյեմբերի 21-ին` Վաղինակի մահվան օրը, սակայն չհաջողվեց: Արդեն դեկտեմբերի 31-ից (Վաղինակի ծննդյանը օրը) օրեր առաջ գիրքը պատրաստ էր:
Մեկնաբանել