
Քարակերտը գեղեցկացնում են Սերժ Սարգսյանի այցի առթիվ
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում եռուզեռ է: Վաղը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզ է այցելելու նախագահի ՀՀԿ-ական թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով լինելու է նաև Քարակերտում:
Այդ առթիվ գյուղի քանդված ճանապարհները սկսել են վերանորոգել: Երեք օր առաջ կարմիր խիճ՝ «շլագ» են լցրել գյուղի կենտրոնական հատվածում՝ ծածկելով ցեխաջրերով լցված փոսերը:
Քարակերտի համայնքապետ Մհեր Հարթենյանը հաստատեց, որ գյուղի կենտրոնական ճանապարհը խճով են պատել և փոսերը հարթեցրել են: Հարցին, թե համայնքային բյուջեի միջոցներո՞վ է արվել այդ ամենը, համայնքապետը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց. «Ոչ, ճանապարհաշինարարական ընկերությունն է արել: Դեկտեմբերի 28-ին էլ էինք այդպես արել, միշտ էլ անում ենք»:
Քարակերտցիները նշում էին, որ գյուղը գեղեցկացնում են հատուկ նախագահի համար, որ վերջինը համայնքապետին «նկատողություն» չանի, քանի որ այլ թեկնածուների այցելության դեպքում նման պատրաստություն չէին տեսնի:
Մհեր Հարթենյանը նշեց, որ գյուղում շատ խնդիրներ կան, իսկ թե կոնկրետ ինչ խնդիր է բարձրացնելու նախագահի առջև, դեռ չի կողմնորոշվել: «Վաղը կգաք կլսեք, էլի»,-նշեց համայնքապետը:
Մեկնաբանել