
Վահրամ Մարտիրոսյան. Հայրիկյանի վերջին որոշումը մեծ հարված հասցրեց ընտրության ընթացքին
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո վարկանիշի առումով Հայաստանը գրեթե ոչինչ չի կորցրել, քանի որ Հայրիկյանը ֆավորիտների ցանկում չէր: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Միաժամանակ նա ասաց, որ Հայրիկյանի վերջին որոշումը՝ չդիմել Սահմանադրական դատարան, մեծ հարված հասցրեց ընտրության ընթացքին:
Գրողի կարծիքով՝ նախագահի երեք թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, ժամանակ չէին ունեցել ընտրություններին լավ պատրաստվելու համար: Ընտրությունների հետաձգման դեպքում այս երեք թեկնածուները կկարողանային շարունակել քարոզարշավը ևս երկու շաբաթ, հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը: Այս երկու շաբաթը հնարավորություն կտար երեք թեկնածուներին շտկելու անհավասարությունը:
Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայրիկյանի խոսքով՝ իր վարկանիշն ամեն օր բարձրանում էր կես տոկոսով, այսինքն՝ թեկնածուին անհրաժեշտ էր առնվազն 30 օր՝ ապահովելու իր 15% քվեն: Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով այս ամենից սուր գործարքի հոտ էր գալիս:
«Որ ներկայիս նախագահը 500.000 ձայն կհավաքեր, առանց զեղծարարության, առանց ընտրակաշառքի, ակնհայտ է: Պարույր Հայրիկյանին սպանելու նպատակ չի եղել, նպատակը հենց այն էր, ինչ տեղի ունեցավ: Մեր երկրի խնդիրն այն է, որ մենք 3 միլիոն թագավոր ենք և 3 միլիոն կուսակցական, որոնց մեջ կան իհարկե արժանավորները, սակայն երբ ներկապնակը այդքան գունավոր է, ձուկ բռնելն ավելի է հեշտանում»,- ասաց մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Սոնա Սիմոնյան
Լուս. ձախից՝ Վահրամ Մարտիրոսյան, Արմեն Մազմանյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել