
Պարույր Հայրիկյանը որոշել է չդիմել ՍԴ փետրվարի 18-ի ընտրությունները հետաձգելու պահանջով
Հայաստանի նախագահի թեկնածու, հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան՝ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Այս մասին այսօր լրատվամիջոցներին ասել է թեկնածուի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Այսպիսով, նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ իր դեմ մահափորձից հետո թեկնածուն, համաձայն Սահմանադրության 52-րդ հոդվածի, իրավունք ուներ դիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով, սակայն, փաստորեն որոշեց չօգտվել իր այդ իրավունքից:
Սահմանադրության 52-րդ հոդվածում ասվում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել