
Ֆինանսների նախարարությունը 26 բռնադատվածի դեմ դատական գործընթաց է սկսել
Համաձայն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի, 2000թ.-ից իրականացվում է բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը: Վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկառուները դժվարանում են սահմանված ժամկետում մարել ստացած վարկը: Պատճառները հիմնականում կապված են վարկառուների սոցիալական վիճակի հետ:
Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է վարկ ստանալու իրավունք ունեցող անձանց առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսագումարները փոխհատուցել պետական բյուջեից` կառավարության սահմանած կարգով, եթե այդ վարկերը տրամադրվել են կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան:
Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ արտոնյալ վարկը տրամադրվում է տարեկան 1 տոկոսով եւ 25 տարի ժամկետով, սակայն շուրջ 26 վարկառու չի կարողացել տոկոսագումարները վճարել, եւ նրանց նկատմամբ, ֆինանսների նախարարության հայցադիմումներով, դատական գործընթացներ են սկսվել:
Ըստ նախարարի`օրենքի նախագծի ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթեւացնի քաղաքացու վարկային բեռը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ այս օրինագիծը ձեւական կլինի, քանի որ վատ վիճակում գտնվող վարկառուները դժվար թե նորմալ գույք ունենան գրավի համար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` սահմանված ժամկետում վարկերի վերադարձնելիության գործակիցը կազմում է մոտ 20 տոկոս:
Ավելի քան 10 տարվա ընթացքում վարկ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել մոտ 800 քաղաքացի, որոնցից մինչ օրս վարկ է տրամադրվել շուրջ 300 քաղաքացու: Այս տարիների ընթացքում շուրջ 200 դիմում մերժվել է բնակարանային պայմանների կարիքավորության` կառավարության սահմանած չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:
Նախարարությունում այսօրվա դրությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար հաշվառված է 310 քաղաքացի:
Նշենք, որ վարկը տրամադրվում է բնակարան ձեռք բերելու, նոր տուն կառուցելու կամ վթարային բնակարանը վերականգնելու-ուժեղացնելու համար` մինչեւ 5 մլն դրամի չափով:
Մեկնաբանել