
Դատարանի նախագահն ընդունել է «Ժողովուրդ» թերթի խմբագրին
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոց` գույքի վրա արգելանք դնելու որոշման կապակցությամբ, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Միջոցառման մասնակիցները, հավաքվելով դատարանի մուտքի առջև, դատարանի գրասենյակ փոխանցեցին կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկությամբ կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը և նույն օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:
Դատարանի նախագահը, ով ՀՀ Դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում և այլ գործառույթներ, լսելով ընդունելության մասնակիցների մտահոգությունները` տվեց սպառիչ պարզաբանումներ: Ռուբեն Վարդազարյանը մասնավորապես նշեց, որ դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքը չի կարող խոչընդոտել խմբագրության բնականոն գործունեությունը, քանի որ խմբագրությունն ազատ է օգտագործել, տիրապետել և տնօրինել իր դրամական միջոցները, ինչպես նաև օգտագործել և տիրապետել գույքը: Մանրամասն պարզաբանեց հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը: Նշեց, որ ճիշտ չէ Թագուհի Թովմասյանի այն կարծիքը, թե հայցի ապահովման հարցը քննվել է նախնական նիստի ընթացքում, որի մասին տեղեկացված չէր: Պարզաբանվեց, որ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունները քննարկվում են առանց դատական նիստ հրավիրելու, ինչը բխում է հայցի ապահովման ինստիտուտի էությունից ու նպատակից: Իրենց գործով նախնական դատական նիստը հրավիրված է 2013 թ. մարտի 22-ին, իսկ մինչ օրս այդ գործով դատարանը որևէ նիստ չի հրավիրել:
Թագուհի Թովմասյանը փաստեց, որ ներկայումս իր ղեկավարած խմբագրության գործունեությունը որևէ կերպ չի խոչընդոտվել, սակայն մտավախություն ունի, որ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կարող է յուրաքանչյուր պահի մտնել խմբագրություն և արգելանքի դրված գույքը առգրավվել:
Դատարանի նախագահը մանրամասն ներկայացրեց այն իրավանորմերը, որոնցով յուրաքանչյուր անձ իրավասու է իր խախտված իրավունքը վերականգնելու պահանջով դիմել դատարան: Այն դեպքում, երբ հետագայում կկարծեն, որ պետական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ թույլ է տրվել իրենց իրավունքների խախտում, ապա կարող են դիմել դատարան` խախտված իրավունքները վերականգնելու պահանջով:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Մեկնաբանել