
Վերակառուցվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրագործում է խոշորածավալ ծրագիր` Ստեփանակերտում ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի վերակառուցումը: Ներկայումս ընթացքում են հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
Նախաձեռնությունը Հիմնադրամի բարերար անդամ, մոսկվաբնակ հայ գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Շախազիզյանինն է, ով այդ նպատակով նվիրաբերել է 400 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը համաֆինանսավոում է Արցախի կառավարությունը:
Տուն-ինտերնատի երկու մասնաշենքը վերջին անգամ նորոգվել է 1988 թ.: Ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանի հավաստմամբ` «ահավոր վիճակում են հատկապես սանհանգույցները, կոյուղու համակարգը, ճաշարանը: Ամեն կերպ ջանում ենք կենցաղային անհարմարությունների բացը լրացնել մեր ծերերի նկատմամբ խնամքով ու հոգատար վերաբերմունքով: Կարծում եմ, որ վաղը Ստեփանակերտի ծերանոցը կդառնա ոչ թե վերջին հանգրվան, այլ վաստակած հանգստի այլընտրանքային վայր»:
«Մոսկովյան գալա-ճաշկերույթին Արցախում ջրի խնդրին ուղղված հանգանակությանը 300 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերելուց բացի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանը որոշել էր նաև նպատակային նվիրատվություն կատարել, որպեսզի արցախցին ծերությունը արժանապատիվ պայմաններում վայելելու հնարավորություն ունենա»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արցախի միակ տուն-ինտերնատում ներկայում մշտապես բնակվում է շուրջ 100 ծեր ու հաշմանդամ, շուրջ 150 մարդ էլ խնամք է ստանում իր տանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել