
Պզտիկներուն քով. սիրիահայերի դպրոցը
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում Դանիելային հարցրի` որ առարկան է շատ սիրում, ասաց` «պայուսակ», «մատիտ», «ներկերի գիրք», հետո ուղղեցի հարցս, պատասխանեց՝ անգլերենը: Այս դպրոցում է տեղակայված սիրահայերի համար բացված «Կիլիկեան վարժարանը»: Երկրորդ դասարանի աշակերտները քննություն էին հանձնում «Կրոնի պատմություն» առարկայից: Դպրոցի փոխտնօրեն Նորա Փիլիպպոսեանը, ով համակարգում է հենց վարժարանի աշխատանքները, չէր ուզում, որ մտնեի դասարան. «Պզտիկ էրեխեն պիտի կաշկանդվի և եթե ինչ-որ հարց չգիտնա, պիտի ասի որովհետև մարդ կար մեր քով»: Բայց եղավ հակառակը: Երեխաները ավելի ոգևորվեցին, մանավանդ երբ տեսախցիկ տեսան. ով ինչ հայերեն ոտանավոր ու երգ գիտեր` հիշեց: Կողքիս փոքրիկն էլ ուզում էր` իր անուն-ազգանունը գրատախտակի վրա գրել, որ նկարեի: Հետո տեսա, որ բոլորն են իրենց անունները գրում են, կանգնում են մի կողմ, կանչում ընկերներին: Հերթը հասավ Նազարեդին: Գրեց. «Նազո», կետ դրեց, շարունակեց «Նազարեդ», հետո ժպիտով ուշադիր նայեց` իբրև թե բոլորից տարբեր բան է արել:
Դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանն ասում է, որ սիրիահայ դպրոցականները շատ ակտիվ են. «Սկզբում չէին հարմարվում: Օրինակ` մեր երեխաները սովոր են դասի ժամանակ ուղիղ նստել, չխոսել: Իրենց մոտ էդպես չէ, իրենք պետք է խոսեն, անպայման քայլեն, շարժվեն դասարանում»:
Դպրոցի բակում իրար հետ խաղացող ընկերուհիները` Սոնան, Ռոզալիան ու Նարօտը, Հալեպից են: Ասացին, որ Հայաստանում են դարձել «լավ ընկերներ», իսկ Հալեպում տարբեր դպրոցներում էին սովորում ու իրար չէին ճանաչում: Պատմեցին, որ հայասատանցի ընկերներ քիչ ունեն. դժվար են շփվում նրանց հետ: «Իրենք ռուսերեն գիտեն,- ասում է Սոնա Գարատանայեանը, - հիմա լավ է, սկզբում մեզ վրա ծիծաղում էին: Իրենք ասում էին մեզ` ասեք «պոկա», մենք դա արաբերեն ենք ասում»:
«Սկզբում սիրիահայ երեխաները իրար հետ արաբերենով էին շփվում, մեր երեխաներին էլ թվում էր` էդպես են անում, որ իրենք չհասկանան,- պատմում է տնօրենը,- բայց երկու օր առաջ դասամիջոց էր, միջանցքում նկատեցի, որ իրար հետ շփվում են արդեն հայերենով: Ամենակարևորը, հիմա հասկանում են, որ բոլորը հայ են, կապ չունի Սիրիայում են, թե Հայաստանում: Եվ պիտի իրար հետ հայավարի հանդիպեն, խոսեն, իմ ու քո չկա»:
Սիրիահայ ու հայաստանցի աշակերտերը դաս են անում նույն դպրոցի տարբեր մասնաշենքերում, և իրար հետ այնքան էլ չեն շփվում: Ա. Բարսեղյանն ասում է, որ իրենք հատուկ այնպիսի միջոցառումներ են կազմակերպում, որ հաղորդակցությունը կայանա:
«Մեր ֆիզկուլտուրայի դահլիճը լավ պայմաններ ունի, կարողանում ենք կազմակերպել, օրինակ, բասկետբոլի, ֆուտբոլի մրցումներ, թիմերով մասնակցում են. և խաղում են, և շփվում», - ասում է տնօրենը:
«Կիլիկեան վարժարանում» սովորում է 307 աշակերտ, Ն. Փիլիպպոսեանի խոսքով՝ աշակերտներ կան Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներից: Դասասենյակները կահավորված են: Դպրոցի լաբորատորիաներից օգտվում են և սիրիահայ, և հայաստանցի երեխաները: Հունվարի 1-ից սիրիահայ երեխաները հրամանագրվել են որպես Նար-դոսի անվան դպրոցի աշակերտներ:
Սիրիահայ երեխաները, տնօրենի խոսքով, ուշադրության կենտրոնում են, «վերաբերմունքը հրաշալի է», որևէ բանի կարիք չունենան, բայց նկատելի է, որ անկախ ամեն ինչից ուզում են վերադառնալ Սիրիա: «Հիմնականում ընտանիքներով են տեղափոխվել, բայց շատերը չգիտեին, որ այդպիսի ընթացք կլինի, ամենաանհրաժեշտ իրերն են իրենց հետ վերցրել: Փաստաղթերն են հիմնականում կիսատ: Կան ուսուցիչներ, որ անձը հաստատող փաստաթուղթ ունեն և վերջ, մնացածը այնտեղ է»,- ասում է Ա. Բարսեղյանը: Մի քանի սիրիահայ ուսուցիչներ, որոնց ամուսինները այստեղ հաջող աշխատանք են գտել, ուզում են ապրել Հայաստանում ու հավանաբար չեն վերադառնա Սիրիա` ասում է տնօրենը:
«Կիլիկեան վարժարանում» դասերը կազմակերպվում են նույն ծրագրով, որ գործել է Սիրիայում: Արևմտահայերենով անցնում են միայն «Հայոց լեզու» առարկան, որ ներառում է քերականությունն ու գրականությունը: «Օրինակ` նրանք իրենց «Ընկերային ուսմունք» առարկայի շրջանակներում անցնում են աշխարհագրություն և պատմություն արաբերենով, ուսուցիչները անկախ դասավանդվող առարկայից պետք է տիրապետեն արաբերենին: Հայերենը կլսեք միայն իրենց հայերենի և գրականության ժամին»,- նշում է տնօրենը:
Դպրոցի միջանցքներում արևմտահայերենը լսվում է նաև դասամիջոցներին, բայց այն ժամանակ, երբ տարրական դասարանի սիրիահայ երեխաներն են իրար հետ շփվում: Բարձր դասարանցիները հիմնականում արաբերենով էին հաղորդակցվում:
Սիրիահայ աշակերտները դպրոց են գալիս ավտոբուսներով, որ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը. այդ պատճառով հաճախումների հետ կապված խնդիրներ, այդ թվում` ուշացումներ չեն լինում` ասում է տնօրենը:
Սիրիական կրթական ծրագրով` դպրոցում հիմա քննաշրջան է, որ տևում է մոտ երկու շաբաթ: Երեխաները դասերը ավարտում են ավելի շուտ, քան սովորական դասի օրերին` ժամը 11-ին: Բայց չէին շտապում տուն: Դպրոցի բակում մի քիչ ձյուն կար. ձնագնդիկ խաղալու համար այնքան էլ հարմար չէր, բայց սիրիահայ դպրոցականները խաղում էին: Ասացին` Սիրիայում այդքան ձյուն չկար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել