
Ֆրանսահայ գործարար. «Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում օլիգարխներն են իշխում»
«Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ֆրանսահայերը հետեւում են Հայաստանում նախագահական ընտրությունների նախաընտրական ընթացքին:
«Մենք այստեղ ամեն ինչ գիտենք Հայաստանի ընտրությունների մասին: Դա ընտրություն չի լինելու, Սերժ Սարգսյանը նորից պիտի լինի նախագահ, քանի որ լուրջ մրցակից չկա: Վարդան Օսկանյանին արանքից հանեցին ու վերջ, այստեղ բոլորը գիտեն այդ մասին»,-ասաց Վալերի-Աշխեն Գործունյանը:
Գործարարի կարծիքով` ֆրանսահայերն իրենց խնդիրներով են զբաղված եւ սկսել են քիչ ուշադրություն դարձնել Հայաստանի խնդիրներին: «Հայությունը մի տեսակ հիվանդացել է, եւ դա ամեն տեղ է նկատվում: Հավատացեք, դա շատ վտանգավոր երեւույթ է մեր ապագայի համար»,-ավելացնում է Վալերի-Աշխեն Գործունյանը:
Նրա տպավորությամբ, այժմ սփյուռքի միակ խնդիրը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն են: «Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում օլիգարխներն են իշխում, ով հետաքրքրված է գիտի, որ երկրում ժողովրդավարություն չկա: Սփյուռքը մտածում է, որ հայաստանցիները պիտի իրենց երկիրը փոխեն, բայց Հայաստանի ժողովուրդն ի՞նչ է անում, ինքներդ լավ գիտեք»,-ավելացրեց Վալերի-Աշխեն Գործունյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել