
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը հարուստների ցուցակում է
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հարուստ դեսպանների ցանկում է: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` 2011թ. նրա եկամուտը գոյացել է 22 հազար 574 դոլար աշխատավարձից, 26 միլիոն 136 դրամ երկու անշարժ գույքի վարձակալությունից ստացած վճարից, 175 հազար դոլար եւ 95 հազար եվրո նվիրատվություններից:
Դեսպան Մանուկյանը 2011թ. ունեցել է նաեւ դրամական միջոցներ` 395 հազար դոլար, 192 հազար եվրո, 19 մլն ռուսական ռուբլի: Տարվա ընթացքում դեսպանի դրամական միջոցներն ավելացել են: Համեմատության համար նշենք, որ 2011-ի սկզբին նրա հաշվին եղել է 220 հազար դոլար, 100 հազար եվրո եւ 0 ռուբլի:
Դեսպանի 19 մլն ռուբլին գոյացել է բնակարանի վաճառքից:
Կինը` Արմինե Մանուկյանը, 2011-ին որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 140 հազար դոլար` տարեսկզբի 40 հազար դոլարի փոխարեն, 80 հազար եվրո, ինչպես նաեւ 12 մլն դրամ` տարեսկզբի 50 մլնի փոխարեն:
Հովհաննես Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայտարարագրում նշված գումարի զգալի մասը գոյացել է 2011թ. թանկարժեք բնակարանի վաճառքից: Հարցին, թե որտե՞ղ է գտնվել «թանկարժեք բնակարանը», դեսպանն այսպես պատասխանեց. «Բավարարվենք այնքանով, ինչը հրապարակված է: Թեեւ սա հրապարակային գործչի ճակատագիր է, բայց իրոք հաճույք չի պատճառում, երբ սեփականությանդ վերաբերյալ հրապարակային վերլուծություն է արվում»:
Նա չպատասխանեց նաեւ այն հարցին, թե որտեղից է գոյացել երկու նվիրատվությունների խոշոր գումարները:
Ինչ վերաբերում է գումարի մնացած մասին, ապա, Հովհաննես Մանուկյանի խոսքով, դրանց ծագումը իր եւ ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներն են:
Լուսանկերը` դեսպանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել