
Կոչ գործարար սիրիահայերին. Հայաստանում ներդրումների մասին
Որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների, այսպես կոչված` հովանավորչական ծառայությունների հանդեպ:
Ես Էդմոնդ Խուդյանն եմ, ծնվել եմ 1965-ին Թեհրանում, հայրենադարձվել եմ 1971-ին: Սովորել ու աշխատել եմ Խորհրդային Հայաստանում, իսկ 1989-ին ծնողներիս հետ տեղափոխվել եմ ԱՄՆ՝ մշտական բնակության, որտեղ հիմնել եմ հաստատուն և հաջողակ բիզնես:
Հայաստան վերադառնալու և որևէ գործ հիմնելու երազանքը ոչ մի վայրկյան չի լքել ինձ: 2004 թվականին նման պատեհություն ընձեռվեց ինձ. երկրում ազդեցություն ունեցող մարդկանց հորդորով որոշեցի մեծ ներդրումներով մուտք գործել այդ տարիներին Հայաստանում թափ հավաքող շինարարական գործի մեջ:
Տարիներ անց կանգնեցի իշխանության ամենավերին ատյանում կանգնած մարդկանց շրջապատի՝ խաբեբաների և հանցագործների կողմից կազմակերպված թալանի փաստի առջև: Իմ ներդրումները, շատ այլ սփյուռքահայերի ներդրումների նման, թալանվեցին և մսխվեցին՝ այդ գործում ներգրավելով պետական ամբողջ մեքենան:
Բայց, ի տարբերություն այլ սփյուռքահայ ներդրող գործարարների, ես ոչ միայն որոշեցի պայքարել ունեցվածքս ետ բերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, այլև շարունակում եմ հավատալ ու երազել Հայաստանում ներդրումներս բազմապատկելու մասին:
Սիրիահայ գործարար իմ հայրենակիցներին հորդորում եմ որևէ գործ ձեռնարկելուց առաջ չափազանց զգույշ լինել Հայաստանի իշխանավորների և նրանց ազգականների այսպես կոչված հովանավորչական ծառայությունների հանդեպ: Հիշե՛ք, Հայաստանում մեծ գործերը խիզախություն և անձնվեր համարձակություն են պահանջում, որոնք ոչ միայն չեն երաշխավորում ձեր գործի հաջողությունը, այլև կարող են ավարտվել ձեր սնանկացմամբ և ունեզրկմամբ:
Բայց այս ամենը երբեք չպետք է պատճառ դառնան, որ մենք դադարենք երազել հայրենիքի շենացման գործում մեր ներդրումն ու մասնակցությունն ունենալու մասին: Վստահ եմ, որ եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային դատական ատյաններում իրավական մեխանիզմներով վերականգնելու եմ իմ ներդրումներն ու իրավունքները Հայաստանում՝ դառնալով նախադեպ Հայաստանում ներդրումներ անել պատրաստվող սփյուռքահայ գործարարների համար:
Սփյուռքում և Հայաստանում իմ համախոհների և իմ կողմից հիմնադրված Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հանձնախումբը պատրաստ եմ ի սպաս դնել իմ բոլոր սիրիահայ քույրերին և եղբայրներին, ովքեր իրավունքի տեսանկյունից դժվարությունների կհանդիպեն հայրենիքում:
Հայաստանում տիրող ամենաթողության և կաշառակերության պայմաններում մենք՝ սփյուռքահայերս, պետք է միասին լինենք, նեցուկ լինենք միմյանց, ոչ մի վայրկյան թույլ չտանք, որ մեր հայրենիքում Հայաստանի որևէ իշխանավոր և նրա բարեկամ տրորի Հայաստանում հաստատվելու և մեր երկիրը սեփական քրտինքով ու մասնակցությամբ շենացնելու երազանքը:
Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել