
Փողերի լվացում. ամբաստանյալները դատապարտվել են, բայց չեն ազատազրկվել
Վարդան Ավետիսյանը եւ Վազգեն Փխրիկյանը անցյալ տարի կանգնել են դատարանի առջեւ գողության եւ փողերի լվացման համար: Ըստ մեղադրանքի` միմյանցից տարբեր երկու քրեական գործի հիշյալ «հերոսները» ԱՄՆ-ում գործող «MBNA AMERICA BANK»-ի կողմից սպասարկվող հաշվեհամարներից բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով գաղտնի հափշտակել են գումարներ, ապա օրինականացնելով դրանք` տնօրինել սեփական հայեցողությամբ:
Երկու դեպքում էլ քրեական գործը քննվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում: 1970 թ. ծնված Վարդան Ավետիսյանի նկատմամբ այն հարուցվել է 2008 թ. նոյեմբերին եւ 4 ամիս անց մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Վարդան Ավետիսյանը, լինելով «Սկավա» ՍՊԸ-ի տնօրենը, զբաղվել է կահույքի արտադրությամբ ու ներկրմամբ, դրա մեծածախ ու մանրածախ վաճառքով: Սասունցի Դավիթ 13 հասցեում գտնվող ընկերության վաճառասրահում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Սկավա» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, տեղադրել է բանկային քարտերի սպասարկման POS-տերմինալ:
Հենց այդ բանկոմատից էլ Ավետիսյանը ԱՄՆ-ում գործող «MBNA AMERICA BANK»-ի կեղծ պլաստիկ քարտով 2008-ի նոյեմբերի 2-ին հափշտակել է 15 մլն 220 հազար դրամ եւ փոխանցել «Ինեկոբանկ»-ում բացված «Սկավա» ՍՊԸ-ի հաշվեհամարին:
Այնուհետեւ գողացված գումարը նա ձեւակերպել է իբրեւ նույն օրը ԱՄՆ քաղաքացի Ջեֆրի Պարկերին վաճառված կահույքի դիմաց վճարում:
Նախաքննության ընթացքում գործարքի վերաբերյալ բացատրություն տալիս Վ. Ավետիսյանը նշել է, որ նշված օրը «մի արտասահմանցի հաճախորդ կահույքի դիմաց վճարումը կատարել է բանկային քարտով»: Ինքը նույնիսկ համեմատել է հաճախորդի անձնագրի եւ բանկային քարտի վրա գտնվող ստորագրությունները եւ որպես դրա ապացույց քննությանը ներկայացրել է ԱՄՆ քաղաքացու անձնագրից եւ բանկային քարտից հանված պատճենները:
Սակայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետը եզրակացրել է, որ Ջեֆրի Պարկերի անվամբ լրացված ԱՄՆ քաղաքացու անձնագրի պատճենը պարզապես պատրաստվել է թվային մոնտաժման եղանակով:
Վարդան Ավետիսյանի կահույքի խանութում իբրեւ խորհրդատու աշխատող Վիոլետա Սիմոնյանն իրավապահներին պատմել է, որ «վաճառասրահում փաստացի աշխատել են ինքը եւ մենեջեր Վահագն Հովհաննիսյանը` ժամը 10-ից մինչեւ 19:00-ն: Կիրակի օրերին, այդ թվում` նոյեմբերի 2-ին, վաճառասրահը չի գործել, իսկ հաջորդ օրն աշխատավայրում ապրանքատեսականու փոփոխություն չի եղել»: Մենեջեր Վահագն Հովհաննիսյանն էլ դատարանին ասել է. «Եթե խանութից վաճառվեր 15 մլն դրամի կահույք, ապա սրահի մի մասը կդատարկվեր, եւ դա նկատելի կլիներ: Մենք նման փոփոխություն չենք նկատել»:
Ինքը` Վարդան Ավետիսյանը, պատմել է, որ 2008 թ. գործուղումից Հայաստան վերադառնալիս Իտալիայում ծանոթացել է ոմն Հովիկի հետ, որը գումար չունենալու պատճառով չի կարողացել նավի տոմս գնել: Օգնելու նպատակով ինքը վերջինիս տվել է 600 եվրո: Որոշ ժամանակ անց Երեւանում` իր վաճառասրահում, հանդիպել է այդ մարդուն, ու նա վերադարձրել է պարտքը: Մտերմացել են, եւ Հովիկն առաջարկել է օժանդակել իր բիզնեսի իրականացմանը` հաճախորդներ գտնելու միջոցով:
Հերթական գործարքի ժամանակ վերջինս հայտնել է, որ հաճախորդներից մեկը ցանկանում է վճարել կրեդիտ քարտով: Սակայն ավելի ուշ Հովիկն ասել է, որ նախահաշիվներում եւ ծրագրերում սխալներ են թույլ տրվել, եւ գործարքը չի կարող կատարվել: Ուստի խնդրել է գումարը վերադարձնել, ինքն էլ չի մերժել ու տվել է POS-տերմինալի կտրոնը, որի տվյալները չի զննել` վստահելով Հովիկին:
Հաջորդ օրը, հասկանալով, որ վաճառք տեղի չի ունեցել, սակայն ֆիքսվել է դրամային շարժ, որոշել է այն հաշվապահորեն ձեւակերպել` իբրեւ փոխառություն իր անունից սեփական ընկերությանը, որի հաշվեհամարից էլ բանկային փոխանցումներ է կատարել գործընկերներին եւ հարկային մարմիններին: Թե ու՞մ բանկային քարտով է Հովիկը գործարքներ իրականացրել, Վարդանն ասել է, թե տեղյակ չէ:
ԱԱԾ-ն պարզել է նաեւ, որ Վարդան Ավետիսյանը դրանից առաջ` 2008 թ. սեպտեմբերին եւ հոկտեմբերին, «MBNA AMERICA BANK»-ի եւս երկու կեղծ պլաստիկ քարտերով իր խանութի բանկոմատից առաջին անգամ հափշտակել է 12 մլն 367, իսկ երկրորդ անգամ` 14 մլն 780 հազար դրամ: Գողացված գումարը նա փոխանցել է «Ինեկոբանկ»-ում բացված «Սկավա» ՍՊԸ-ի հաշվեհամարին, ապա հաշվապահությունում այն պայմանագրով ձեւակերպել իբրեւ սեփական միջոցներից ձեռնարկությանը տրամադրած փոխառություն:
Այս կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը` Ավետիսյանը տնօրինել է գողացված գումարները` մի մասը ապրանքի դիմաց փոխանցելով գործընկերներին, մի մասն էլ կանխիկացրել է ու հաշվապահությունում դա ձեւակերպել որպես իր տված փոխառության մարում:
Վարդան Ավետիսյանի վերոհիշյալ գործունեության` «փողերի լվացման» հետեւանքով «Սկավա» ՍՊԸ-ի կողմից ընդհանուր առմամբ 42 մլն 269 հազար դրամի վնաս է պատճառվել ամերիկյան բանկի հաճախորդներին, իսկ անուղղակի կերպով` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին: Նախաքննությունը չի պարզել, թե որտեղից է Ավետիսյանը ձեռք բերել «MBNA AMERICA BANK»-ի կեղծ քարտերը: Իսկ գործով տուժող ճանաչված «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արման Մնացականյանը դատարանին ասել է, թե «քարտերը թողարկող եւ սպասարկող ամերիկյան բանկի կողմից «Մաստեր Քարդ» վճարային համակարգի միջոցով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին նախաքննության ընթացքում ներկայացվել է հետգանձումային պահանջ` 3 մլն դրամի չափով»:
Ավելի ուշ` մինչ դատաքննության ավարտը, տուժողի ներկայացուցիչը հստակեցրել է, որ կատարված հարցման պատասխանից պարզվել է, որ փաստացի կրած վնասը կազմել է 1 մլն դրամ, հետեւաբար քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել այդ գումարի չափով: Բարձրագույն կրթություն ստացած Վարդան Ավետիսյանը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերադարձրել է հափշտակած գումարը ու խնդրել իր նկատմամբ նշանակել մեղմ պատիժ:
Դատավոր Ժորա Վարդանյանը, հաշվի առնելով նաեւ ամբաստանյալի դրական բնութագիրը, այն, որ վերջինս ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա, հանգել է հետեւության, որ նրա ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով: 2009 թ. ապրիլին Վարդան Ավետիսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ է սահմանվել փորձաշրջան` 4 տարի ժամկետով:
Գործով տուժող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի 1 մլն դրամի չափով քաղաքացիական հայցի պահանջը բավարարել է:
Մոտ երեք ամիս անց
Դարձյալ նույն դատարանը` կրկին Ժորա Վարդանյանի նախագահությամբ, Վազգեն Փխրիկյանին մեղավոր է ճանաչել խոշոր չափերով «Գողության» եւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» համար:
Ըստ մեղադրական եզրակացության` 1982 թ. ծնված, բարձրագույն կրթություն ստացած Վազգեն Փխրիկյանը Նոր-Արեշ 14 եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում գտնվող իրեն պատկանող տարածքում ծավալել է առեւտրային գործունեություն, մասնավորապես կոշիկի վաճառք: Նրա խանութում «Արարատբանկ» ԲԲԸ-ն տեղադրել է POS-տերմինալ, եւ առեւտուրն իրականացվել է ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային քարտերով:
Հետագայում բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը դատարանին հայտնել է, թե 2008-ի հոկտեմբերին «Արմենիան քարդ» ՓԲԸ-ից իրենք գրություն են ստացել, որ հիշյալ խանութի բանկոմատով կատարվել է 1 մլն դրամի կասկածելի վաճառք, որը ճանաչվել է զեղծարար:
Կոշիկի խանութում իբրեւ վաճառող աշխատող Հայաստան Գասպարյանն էլ իրավապահներին պատմել է, որ հոկտեմբերի 3-ին տնօրեն Վազգեն Փխրիկյանի նախաձեռնությամբ աշխատանքի չի գնացել, քանի որ, ըստ տնօրենի, այդ օրը պետք է ապրանք ստանային: Նույն օրը խանութում կատարված 1 մլն դրամ վաճառքի վերաբերյալ նա ոչինչ չի իմացել: Միայն նշել է, որ խանութում իր աշխատած ժամանակահատվածում «օրական միջին հաշվով կոշիկի վաճառքից ստացված գումարը կազմել է 25-30 հազար դրամ, եւ չի եղել դեպք, երբ մեկ օրում կատարվի 1 մլն դրամի առեւտուր»:
Նախաքննական մարմինը Վազգեն Փխրիկյանին մեղադրել է նրանում, որ վերջինս հիշյալ օրն ամերիկյան «MBNA AMERICA BANK»-ի կեղծ պլաստիկ քարտի օգտագործմամբ «Մաստեր քարդ» միջնորդ վճարային եւ Հայաստանում գործող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի համակարգերի միջոցով հափշտակել է 1 մլն դրամ: Գողացված գումարը նա փոխանցել է «Արարատբանկ»-ում բացված իր հիմնադրած ՍՊԸ-ի («Ավա Դեկոր») հաշվեհամարին, հետո կանխիկացրել է այն ու որպես հասույթ մուտքագրել ընկերության դրամարկղ:
Փխրիկյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց` նշելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Սակայն դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում:
Դատավոր Ժորա Վարդանյանն այդպես էլ վարվել է: Ամբաստանյալին դատապարտելով 3 տարվա ազատազրկման` նա կիրառել է «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ 2009 թ. հունիսի 19-ի որոշումը եւ Վազգեն Փխրիկյանին ազատ արձակել հենց դատարանի դահլիճից:
Մեկնաբանել