
Դատարանում կհարցաքննվեն փորձագետները
2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Փորձագետների տված եզրակացության համաձայն` մահվան պատճառը հոսանքահարումն է, ինչը սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կասկածի տակ են դնում Տիգրանի ծնողները` պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են:
Տիգրան Օհանջանյանի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Գործն այժմ քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Յուրի Իսկոյանը բավարարել է տուժող կողմի միջնորդությունը և նշանակել դատաէլեկտրատեխնիկական կրկնակի փորձաքննություն: Արդյունքում փորձագետները եզրակացրել են, որ ալեհավաքը, որի ձգալարին հպվելու պատճառով Տիգրանը էլեկտրահարվել է, չի կարող դառնալ մահվան պատճառ, քանի որ ռադիոռելեային կայանի ալեհավաքի ձգալարերին տրվել է 220 վոլտ 50 հերց հաճախականությամբ լարում, եւ առկա հոսանքը չի գերազանցել 30 վոլտը:
Այսօրվա նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ այս նոր եզրակացության պատասխանները կրում են երկակի բնույթ և ստեղծում են երկակի մեկնաբանության հնարավորություն: Ուստի, դատախազ Հարությունյանը միջնորդեց փորձագետներին հրավիրել դատարան և հարցաքննել:
Սրա դեմ առարկեց ոչ միայն տուժողի ներկայացուցիչը, այլև ամբաստանյալների պաշտպանը. «Այսօրվա փորձագետները տվել են միանգամայն ճիշտ, կոնկրետ եզրակացություն, և պատահական չէ, որ այն հարցադրումները, որոնց պատասխանել են փորձագետները, մենք հնչեցնում էինք ամբողջ դատավարության ընթացքում` մոտ 1,5 տարի»,- ասաց պաշտպան Վազգեն Նիկոլյանը:
Մեղադրող-դատախազը նորից պնդեց իր միջնորդությունը` բարձրաձայնելով «փորձագետների կողմից ենթադրություններով արված եզրակացությունում առկա հակասությունների» մասին, և, ի վերջո, դատարանը որոշեց փորձագետներին հարցաքննել:
Դատավոր Յուրի Իսկոյանը հրապարակեց համատիրության կողմից այսօր դատարան ուղարկված մի տեղեկանք, ըստ որի` վկա Արմեն Գալստյանը բացակայում է Հանրապետությունից:
«Դուք դեռ 2008 թ. նոյեմբերին հրապարակեցիք մեկ այլ տեղեկանք, որի համաձայն` Արմեն Գալստյանը տունը վաճառել է և Հայաստանում չէ: Բայց տունը տեղում է, և իր ազգանունով,- նկատեց Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը: – Արմեն Գալստյանը միակ վկան է, որ տեսել է տղայիս հոսանքահարվելը, իբր հոսանքը նրան էլ է խփել, ամբողջ գործը մենակ նրա տեսածով է, հիմա ասում եք` բացակայում է: Մեզ չի հետաքրքրում, բերման ենթարկեք, առանց նրան հարցաքննելու ոչ մի դատ էլ մի արեք»:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 30-ին:
Մեկնաբանել