
Պաշտպանության նախարարությունը թաքցնում է
Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը կասկածելի հանգամանքներում մահացել է N զորամասում: Պաշտոնական տվյալներով` մահվան պատճառն մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Տիգրանի ծնողները վստահ են, որ իրենց որդուն սպանել են, իսկ էլեկտրահարման «էֆեկտը» ստեղծվել է հետմահու. զինվորի մարմնի վրա առկա են եղել բռնության բազմաթիվ հետքեր, ինչը հաստատվում է նաև հերձումից առաջ արված լուսանկարներով:
«Հետքի» խմբագրությունում կա այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի պատճենը, որով նախարարը Տիգրանի մահվան կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում նկատողություն է տվել զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սմբատ Սիմոնյանին, նրա տեղակալ, զորամասի շտաբի պետ, կապիտան Սարգիս Տարախչյանին` «զորամասի օրվա կարգացուցակի կատարման նկատմամբ անբավարար հսկողություն, ինչպես նաև զինվորականների կողմից տարվող ծառայությունը թույլ վերահսկելու համար»:
Նույն հրամանով նախարարը նկատողություն է հայտարարել նաև դասակի հրամանատար, ավագ լեյտենենտ Նվեր Մարգարյանին` «զորամասի օրվա կարգացուցակի կատարման նկատմամբ անբավարար հսկողություն սահմանելու, ինչպես նաև իր ֆունկցիոնալ պարտականություններում թերանալու համար»:
Չնայած այս ամենին` պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի ավագ օգնական Ս. Հակոբյանը, ի պատասխան Օհանջանյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հարցմանը, թիվ 327 գրությամբ հայտնել է, թե «Տիգրան Օհանջանյանի մահվան կապակցությամբ կարգապահական տույժի ենթարկված անձինք չկան»:
Թե ինչու են նախարարությունում թաքցնում նկատողության փաստը, զոհված զինվորի հայրն ունի սեփական մեկնաբանությունը. «Որովհետև դրանից 2 ամիս չանցած` բարձրացրել են ոչ միայն այս 3 սպաների պաշտոնները, այլեւ կոչումները` կապիտանից դարձնելով մայոր, մայորից` միանգամից գնդապետ: Ձևական նկատողությունից հետո նրանք պարգեւատրվել են որդուս սպանությունը լավ թաքցնելու համար»,- ասում է Սուրեն Օհանջանյանը:
Վերջինս ձեռքի տակ ունի մեկ այլ ուշագրավ փաստաթուղթ ևս: Այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի անունով գրված զեկուցագիրը փաստում է, որ Տիգրանի մահվանից 3 օր առաջ` 2007 թ. օգոստոսի 27-ին, N զորամասում «տեղի ունեցած դեպքի կապակցությամբ» անցկացվել է ծառայողական քննություն, որի նյութերը կազմել են 43 թերթ:
Հնարավոր է, որ այդ «դեպքն» ուղղակի առնչություն ունի Տիգրանի մահվան հետ, սակայն այն ևս հետևողականորեն թաքցվում է. քրեական գործի նյութերում օգոստոսի 27-ին անցկացված ծառայողական քննության նյութերը չկան:
Մեկնաբանել