
Դատավորը «Հայլուրի» համար բացառություն է արել
Այսօր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատաքննության ժամանակ հարցաքննվեց ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից, 1979թ. Մարատ Թելոյանը: Վերջինս անցյալ տարի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ աշխատել է Մալաթիայի ոստիկանության բաժնում` որպես օպերլիազոր:
Այսօր նա դատարանին պատմեց, որ մարտի 1-ի առավոտյան 6:30-7:00-ի սահմաններում (վկան շեշտեց, որ այդ ժամանակ դեռ մութ էր) նույն բաժնի ոստիկանության աշխատակիցների հետ մեկնել է Ազատության հրապարակ, քանի որ օպերատիվ ինֆորմացիա էին ստացել, որ ցուցարարների մոտ զենք և զինամթերք կա:
Ոստիկանները գնացել են ինֆորմացիան ստուգելու, սակայն, վկայի խոսքերով, ցուցարարները նրանց դիմավորել են երկաթյա ձողերով ու փայտե մահակներով զինված: Վկան չկարողացավ ասել, թե որքան ցուցարար կար Ազատության հրապարակում այդ պահին, բայց նշեց, որ նկատել է Հակոբ Հակոբյանին:
Վերջինը, վկայի խոսքերով, ընդամենը մի քանի վայրկյան է եղել իր տեսադաշտում, նրա ձեռքին որևէ բան չի եղել, Հակոբյանը որևէ գործողություն չի իրականացրել, որևէ կոչ կամ հորդոր պատգամավորի շուրթերից չի հնչել:
Հ. Հակոբյանն ուղղակի կանգնած է եղել և ոչ մի անօրինական գործողություն չի արել: Նրա հետևում, ըստ վկայի ցուցմունքի, եղել է մոտ 10-15 հոգի մարդ, բայց վկան չկարողացավ ասել, թե արդյոք այդ մարդիկ Հակոբյանի հե՞տ էին, թե՞ ուղղակի ցուցարարներ էին: Սակայն Մարատ Թելոյանը ենթադրում է, որ նրանք Հ. Հակոբյանի հետ էին, քանի որ մոտ են կանգնած եղել պատգամավորին:
Նշենք, որ նախաքննության ժամանակ վկան ասել է, որ Հ. Հակոբյանի հետևում կանգնած է եղել 20-25 հոգի մարդ, և նրանց մեջ է եղել Մելոն`Հ. Հակոբյանի վարորդ Մելիք Գրիգորյանը: Մարատ Թելոյանը նախաքննության ժամանակ նշել էր, որ Մելոյի ձեռքին եղել է երկաթյա ձող, նա, այն թափահարելով ոստիկանների ուղղությամբ, արել է սեռական բնույթի հայհոյանքներ և հավաքվածներին հորդորել է` չենթարկվել ոստիկանների ցուցումներին և դիմադրություն ցույց տալ:
Այսօր Մարատ Թելոյանը նման բաներ չասաց, հիշեց, որ Մելիք Գրիգորյանը Հ. Հակոբյանի կողքին կանգնած էր, սակայն չնշեց, թե նա նման բաներ է արել: Վկան նույնիսկ ասաց, որ ամբոխ էր, մեծ աղմուկ էր, և հնարավոր չէր ինչ-որ բան լսել: Բայց դատավոր Գագիկ Ավետիսյանի` այդ հակասություններին վերաբերող հարցին ի պատասխան` վկան նշեց, որ ինքն ըստ էության ճիշտն ասել է նախաքննության մարմնին, քանի որ հիշողությունն այն ժամանակ դեռ թարմ էր, մինչդեռ այժմ մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, և ինքն այնքան էլ լավ չի հիշում:
Հակոբ Հակոբյանը վկային հարց ուղղեց, թե արդյոք նա զինվա՞ծ էր եկել Ազատության հրապարակ, ինչին վկան պատասխանեց` ոչ, ոստիկանները զինված չեն եղել: Հ. Հակոբյանը նշեց, թե արդյոք տրամաբանորեն չի՞ բխում այն, որ եթե հրապարակում հավաքված մարդիկ զինված լինեին, հրամանատարները ոստիկաններին անզեն չէին ուղարկի զինված մարդկանց մոտ: Այս հարցադրմանը, սակայն, ոստիկանը չկարողացավ պատասխանել:
Հակոբ Հակոբյանի գործով այսօր հարցաքննվեց նաև վկա Արա Հարությունյանը, ով` «ի՞նչ կրթություն ունեք» հարցին պատասխանեց` 7-8-րդ դասարանի կրթություն: Նա նշեց, որ հետաքրքրասիրությունից դրդված`մի քանի անգամ անցյալ տարի մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, և մի քանի անգամ տեսել է Հակոբ Հակոբյանին, բայց անձամբ հետը չի շփվել ու անձամբ չի ճանաչում նրան:
Հարկ է նշել, որ վկան դատարանից խնդրել է իր անվտանգությունն ապահովել, և նրան ուղեկցում էին ոստիկանները:
Պաշտպան Մելանյա Առուստամյանի հարցին, թե արդյոք վկան որևէ սպառնալիքի կամ ճնշման վկան ենթարկվել է Հակոբ Հակոբյանի կամ նրա հարազատների կողմից, նա պատասխանեց` ոչ, բայց հավելեց, թե` «մերոնք ասացին, ես էլ ապահովության համար որոշեցի քաղմասի հետ գնամ գամ»:
Այսպիսով, իր խոսքերով` վկա Արա Հարությունյանը մարտի 1-ի երեկոյան ժամը 7-ի սահմաններում, աշխատանքից հետո եղել է քաղաքապետարանի մոտ` լսելով հանրահավաքի մասին: Քաղաքապետարանի մոտ նա տեսել է նաև Հակոբ Հակոբյանին` մեքենայով:
«Մեքենայի դուռը բաց էր, ռադիոն միացրած, և մարդիկ հավաքված լսում էին «Ազատություն» ռադիոկայանը, այդ թվում նաև` Հակոբ Հակոբյանը: «Ջիփ» մեքենա էր»,- ասաց վկան` նշելով, որ որևէ մեկի ձեռքին որևէ բան ինքը չի տեսել, չնայած փողոցի մյուս կողմում` կանաչների մեջ, շշեր, փայտե մահակներ ու երկաթե ձողեր կային:
Նրա խոսքով, սակայն, Հակոբ Հակոբյանից որևէ հրահանգ չի եղել` դրանք վերցնել կամ դիմադրություն ցույց տալ: Արա Հարությունյանը նշեց նաև, որ երբ մութն ընկել է, մեքենան գնացել է, ու ըստ էության` Հակոբյանն այդ մեքենայով գնացել է: Ավելին` վկան ասաց մեքենայի պետհամարանիշը` 019 01:
Հակոբ Հակոբյանը նկատեց, որ դա իրոք իր մեքենայի համարներն են, բայց նշեց, որ «այդ օրն իր մեքենան եղել է ԳԱԻ-ում», և հավելեց, որ` «մեկը մյուսից տեղյակ չի, մեկին մի բան են տալիս, գրում է, մյուսին` մի այլ, ու իրար հակասող բաներ են ասում»:
Նախաքննության ժամանակ վկան ցուցմունք էր տվել, որ մարտի մեկի 10 զոհերից մեկը` Արմեն Ֆարմանյանը, փող է բաժանել մարդկանց, ընդ որում` այդ փողը նրան տվել է Հակոբ Հակոբյանը: Բացի դրանից` Հակոբյանի մոտ աշխատող մարդիկ նրա հրահանգով եկել են` մասնակցելու հանրահավաքին:
Այսօր դատարանում նա ասաց, թե նախաքննության ժամանակ երբ իրեն հարցրել են , թե որտեղից գիտի այս ամենը, ինքն ասել է, որ լսել է ժողովրդից, բայց կոնկրետ չկարողացավ ասել, թե ումից: Բացի դրանից` նա ասել էր, որ Ազատության հրապարակում մարդկանց ուտելիք, խմիչք ու վառելափայտ են բաժանել: Պատգամավորները` Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և «գլխավոր պատգամավորը» (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է), ժողովրդի մեջ շրջել են ու հարցրել, թե ով ինչ խնդիր ունի:
Այսօր վկան ասաց, որ դա նույնպես անձամբ չի տեսել, այլ ուղղակի լսել է: Նա ասաց, որ չգիտի`Ֆարմանյանն անձամբ Հակոբյանի հետ կապ ունեցել է, թե ոչ, նրանց միասին չի տեսել, անգամ` իրար բարևելուց: Ուղղակի մի անգամ տեսել է, որ Հակոբյանը գնում է, հետևից էլ` Ֆարմանյանը: Հարցին, նա ճանաչո՞ւմ է Ֆարմանյանին, վկան պատասխանեց` չէ, ուղղակի լսել էր, որ «մարդիկ ասացին, թե սա էլ Արմեն Ֆարմանյանն է»: Հետո էլ վկան նշեց, որ Ֆարմանյանի եղբայրը` ոմն Ռաֆո, բանակում ծառայութան ժամանակ իր սպան է եղել:
Վկա Մուշեղ Անտոնյանը դատարանին դիմում է ներկայացրել, ըստ որի` անձնական խնդիրներից ելնելով (գտնվում է Վրաստանում) չի կարող դատարան ներկայանալ` հարցաքննվելու, ուստի խնդրել է հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները, սակայն դատավոր Գագիկ Ավետիսյանը նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց:
Ի դեպ, այսօր դատական ամբողջ նիստը նկարահանում էր «Հայլուրի» օպերատորը, և երբ պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի արգելի «Հայլուրին»` նկարել` նշելով, որ իրենք դեմ են, դատավորը միջնորդությունը մերժեց: Նախկինում դատավոր Գագիկ Ավետիսյանը բոլոր տեսակի նկարահանումները թույլատրում էր ընդամենը հինգ րոպե ժամանակահատվածով, այսօր ժամեր շարունակ «Հայլուրը» նկարահանում էր:
Հ. Գ. Երբ դատարանում սկսեց ցուցմունք տալ Գևորգ Մուրադյանը, որը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից և ասաց, որ ոստիակնությունը ծեծի միջոցով է կորզել այն, «Հայլուրն» արդեն դահլիճում չէր և դրանք չէր նկարում:
Մեկնաբանել