
Գիշյանն իր 5 երեխաներով Թուրքիայից ապաստան է խնդրել (վիդեո)
Մարիամ Գիշյանն իր 6 հոգանոց ընտանիքի համար Թուրքիայից ապաստան է խնդրել, իսկ նախագահ Սարգսյանին գրել է, որ օվիրին վճարելիք պետտուրքի գումարը չունի, ուստի խնդրում է զրկել իրենց ՀՀ քաղաքացիությունից:
«Քանի որ իմ եւ իմ 5 երեխաների նկատմամբ իրականացրել եք սպիտակ եղեռն` զրկելով բնակարանից, ապրուստից եւ մարդու իրավունքներից... Ես իմ տղաներին թույլ չեմ տալիս անբարոյական երկրում զինվորներ լինել»,- գրել է բազմազավակ Գիշյանը եւ նշել, որ ինքը հասցե չունի, հետեւաբար ստիպված է Սերժ Սարգսյանի պատասխանը ստանալ հենց նախագահականից:
«Ինձ շատերը մեղադրում են, բայց թող ելք ցույց տան` ի՞նչ անեմ: Ինչքա՞ն կարելի է փողոցում ապրել: 8 տարի երեխաներս փողոցից են դպրոց գնացել: Որտեղ ասես, որ չենք գիշերել` ընդհուպ նախագահականի մոտի «Սիրահարների» այգում: Տուն ենք վարձում, գումարը չեմ կարողանում վճարել, ուշացնում եմ, շպրտում են դուրս»,- պատմում է Մարիամ Գիշյանը:
Նրա 5 երեխաներն էլ չափահաս են, բայց չեն աշխատում, որովհետեւ, ինչպես մայրն է ասում, անձնագիր չունեն: Ավելին` նույն պատճառով 3 տղաները չեն զորակոչվում. «Ինձ զինկոմիսարիատից ասում են` թող հին հասցեով բանակ գնան, ես էլ ասում եմ` չէ, հին հասցեով անձնագիր չեք տալիս, բանակ ո՞նց եք տանում»: Իսկ Մարիամի ավագ որդին, երբ բանակից զորացրվել է, ընտանիքն արդեն անտուն էր:
Լալայանց 30 հասցեում գտնվող Մարիամ Գիշյանի 6 սենյականոց տունը ներառվել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում: Պետության կարիքների անվան տակ ԾԻԳ-ի հայցով 2003 թ. դեկտեմբերին Կենտրոնի դատարանը որոշել է երկրորդ կարգի հաշմանդամ Գիշյանին պարտավորեցնել կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր եւ նրան ու իր ընտանիքի անդամներին Լալայանց 30 հասցեից վտարել` «Երեւանի վարչական սահմաններում 4 սենյականոց բնակարանի հատկացմամբ»:
«Գիշյան Մարիամը դատին չի մասնակցել, նա այս վճռից տեղյակ չի եղել եւ հնարավորություն չի ունեցել այն բողոքարկել: 15 օր հետո վճիռը ստացել է օրինական ուժ, եւ հարկադիր կատարողներն անմիջապես անցել են գործի: Նրանք ընտանիքին պետք է տրամադրեին 4 սենյականոց բնակարան, նոր վտարեին, ինչպես դատարանն է վճռել: Սակայն ԴԱՀԿ-ն բազմազավակ մորն իր փոքր երեխաների (2003 թ. Գիշյանի 5 երեխաներից 4-ն անչափահաս էին) հետ գցել է փողոց, իսկ բնակարանի հարցը ոչ մի ձեւ չեն լուծել»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
ԾԻԳ-ի այն ժամանակվա տնօրեն, ներկայումս կադաստրի պետի տեղակալ Կարեն Դավթյանն այս իրադարձություններից մոտ 1 տարի անց` 2004 թ. նոյեմբերին, դիմումներից մեկին գրավոր պատասխանել է, որ Կենտրոնի «դատարանի վճռով Մարիամ Գիշյանն իր ընտանիքի անդամների հետ 20 հազար 805 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (4 սենյականոց բնակարանի միջինացված արժեք) փոխհատուցմամբ վտարվել է Լալայանց 30 հասցեից»: Ուշագրավն այն է, որ այս պատասխանն ուղարկվել է Գիշյանի քանդված տան հասցեով:
«Դավթյան Կարենն աշխարհի ամենասուտասան մարդն է. դատարանի վճռի մեջ այդպիսի թիվ` 20,805 ԱՄՆ դոլար, գրված չէ: Որտեղ՞ից են այն վերցրել, ոչ ոք չգիտի»,- ասում է Ս. Բաղդասարյանը:
ԾԻԳ-ի ներկայիս տնօրեն Լեւոն Հակոբյանը Մարիամ Գիշյանին ուղղված գրավոր պատասխաններից մեկում նշել է, որ վերը «նշված գումարը փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին»: Սակայն Գիշյանն իր տան օտարման եւ ընտանիքի վտարման դիմաց ոչ մի լումա չի ստացել: Շատ հնարավոր է, որ ԴԱՀԿ-ում գումարն ուղղակի գրպանել են:
Պարզելու համար, թե իրականում ինչպես է տնօրինվել մոտ 21 հազար ԱՄՆ դոլարը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն դիմել է թե ԴԱՀԿ ծառայությանը, թե Երեւանի քաղաքապետարանին: ԴԱՀԿ-ից պատասխանել են, թե ոչինչ ասել չեն կարող, «քանի որ 2004 թ. կարճված կատարողական վարույթները ՀՀ արդարադատության նախարարի 24.02.2010 թ. թիվ 26-Ա հրամանի համաձայն` ոչնչացվել են»:
«Հետքի» խնդրանքով արդարադատարության նախարարությունը տրամադրել է նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հիշյալ հրամանի պատճենը: Դրանով հաստատվում է, որ «պահպանության ժամկետը լրացած եւ պահպանության ոչ ենթակա» մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Մարիամ Գիշյանի գործով հարուցված կատարողական վարույթի նյութերը, ոչնչացվել են: Ստացվում է, որ 20 հազար 805 դոլարի ճակատագիրը պարզել հնարավոր չէ:
Երեւանի քաղաքապետարանին, ավելի կոնկրետ` ԾԻԳ-ին, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն խնդրել է հայտնել, թե Մարիամ Գիշյանի տան շուկայական արժեքի գնահատումն ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս է կատարվել, որ ժամանակի դրությամբ է այն կազմել 20,805 դոլարին համարժեք դրամ, երբ եւ ում կողմից է այդ գումարը փոխանցվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին:
Քաղաքապետարանը որեւէ պատասխան չի տվել: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն էլ, նշյալ տեղեկությունները ստանալու եւ Գիշյանին օգնելու ակնկալիքով, դիմել է դատարան: Ավելի քան 6 ամիս է` գործը դատարանում է: Այս ընթացքում 2 նիստ է եղել, իսկ ԾԻԳ-ի ներկայացուցիչը խոստացել է պահանջվող տեղեկատվությունը տրամադրել: Բայց գործն այդպես էլ առաջ չի գնում:
«Դատավարության հետ ես բոլորովին հույս չեմ կապում,- ասում է Մարիամ Գիշյանը,- 2-3 տարի առաջ դիմեցի Հայաստանի բոլոր դեսպանատներին: Բոլորն էլ մերժեցին: Հիմա Թուրքիային եմ դիմել, որ էս իշխանություններից վրեժ լուծեմ»:
Մարիամի պատմելով` արդեն 2 անգամ եղել է Թուրքիայում, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներկայացրել իր հետ կատարվածի հիմնավորումները թե փաստաթղթերով, թե նաեւ լուսանկարներով:
«Մինիստրի հետ եմ հանդիպել, բայց նրա անունը դեռ չեմ ուզում բացահայտել: Ինձ հյուրանոցում համար էին տվել, թարգմանիչով էին ապահովել, թիկնապահներ էին վարձել, որ քրդերը խաթրիս չկպնեն: Էդ մարդն ասաց` արխային, ինչ-որ Հայաստանում կորցրել ես, մի բան էլ ավել կտանք, գումարով էլ կօգնենք, երեխաներիդ կրթություն կտանք ու աշխատանքով կապահովենք»,- պատմում է Մարիամը:
Նրա խոսքերով` մոտ օրերս նորից պետք է մեկնի Թուրքիա, քանի որ նախորդ անգամ չի կարողացել ընտանիքի ապաստան ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործերն ավարտել:
«Ամեն ինչ կիսատ թողեցի ու վերադարձա, որովհետեւ Հայաստանից լուր ստացա, որ երեխաներս հիվանդացել են: Ու եթե ճիշտն ասեմ` հետ եկա, որ էս իշխանություններին վերջին շանսը տամ, որ ունեցվածքս ինձ տան: Բայց մեկ ա, էսքանից հետո էլ դրանք մարդ չդարձան»,- ասում է Մարիամը:
Քաղաքացիությունից զրկելու` Սերժ Սարգսյանին հասցեագրված նրա դիմումին պատասխանել է նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի պետ Աիդա Ասատրյանը: «Ձեր կողմից արծարծված հարցի լուծումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- գրել է նա:
«Էս գրածից ոչ մի բան չհասկացա, մտածեցի, որ երեւի բնակարանի հարցն են որոշել լուծել: Գնացի տիկին Աիդայի մոտ, հարցրի` Ձեր գրածն ի՞նչ ա նշանակում, ասաց` Դուք հարց եք բարձրացրել, որ երեխաների հետ միասին Ձեզ ՀՀ քաղաքացիությունից զրկեն, էդ գործն ընթացքի մեջ է: Այսինքն` քաղաքացիությունից են զրկում»,- ասում է Մարիամը:
«Հետքի» հետ զրույցում Աիդա Ասատրյանը վստահեցրեց, որ ինքը Գիշյանին չի հանդիպել եւ նման բան չի ասել: «Նրան տրվել է միայն գրավոր պատասխան»,- ասաց Ասատրյանը` հրաժարվելով մեկնաբանել, թե կոնկրետ ինչ է ասվում այդ գրավոր պատասխանով:
«Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց նախագահականի աշխատակիցը:
Մեկնաբանություններ (107)
Մեկնաբանել