
Ինչո՞ւ չեն բացահայտվում լրագրողների դեմ կատարված բռնարարքները
Ժամանակը չէ՞, որ լրագրողները զենք կրեն
Հարցն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն ուղղեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետ Հովհաննես Թամամյանին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր երկրում, որպես կանոն, ժուռնալիստերի դեմ կատարված բռնարարքները չեն բացահայտվում` առիթ ստեղծելով նմանատիպ նոր հանցագործությունների համար:
«Այո, ես կողմնակից եմ, որ կիրթ, բանիմաց մարդն ունենա, ինչու չէ` զենք»,- ասաց գնդապետ Թամամյանը եւ հիմնավորեց, թե այդ պարագայում հանցագործը կիմանա, որ լրագրողի մոտ զենք կա, որը կարող է իր (Հ. Թամամյանի – Ա. Դ.) նման` «խասիաթը տեղի» լինել եւ անհրաժեշտության դեպքում «հանել ու խփել» (գնդապետի փոխանցմամբ` ինքը երկու անգամ հանցագործին դեպքի վայրում զենքի օգնությամբ վնասազերծել է):
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում` ապրիլի 30-ին եւ մայիսի 7-ին, հարձակման են ենթարկվել երկու լրագրողներ «ARMENIA Today» եւ «BAGIN» լրատվական կայքերի համակարգող Արգիշտի Կիվիրյանը եւ «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանը:
«Մենք ինքներս ենք մտահոգված: Ցավում ենք ոչ միայն այս վերջին երկու դեպքերով, այլ ընդհանրապես… Իմ ձեռքի տակ կա 1992 թ.-ից ե´ւ լրագրողների, ե´ւ հասարակ քաղաքական գործիչների դեմ կատարված հանցագործությունները… Իրոք, լրագրողների դեմ կատարված հանցագործությունը, կոպիտ ասած` ցեխ է շպրտում մեր կատարած հսկայական աշխատանքների վրա: Մենք գիշեր-ցերեկ ենք անելու` այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ես խնդրում եմ` հավատաք ինձ, վստահեք, որ ամեն ինչ անելու ենք այս արատավոր հանցատեսակի դեմն առնելու համար»,- ասաց Հ. Թամամյանը:
Վերջինիս խոսքերով` երեկ ոստիկանապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ «դրվել է ուղիղ հարց. հատկապես լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ»:
Գնդապետ Թամամյանի փոխանցմամբ` 1992 թ. մինչ օրս Հայաստանում գրանցվել է լրագրողների նկատմամբ իրականացված 17 դեպք, որոնցից 3-ը բացահայտվել են. մեկը բացահայտվել եւ կարճվել է Գավառում, մյուս երկուսը բացահատվել են Երեւանում:
«Բացահատվել են 24.11.2005 թ. Երեւանի Անդրանիկի արձանի մոտ հանրահավաքի ժամանակ Աննա Բադալյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը («Հայլուրի» թղթակից), եւ 17.11.2008 թ. Բուզանդի 1/3 շենքի դիմաց հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեպքը»,- նշեց Թամամյանը:
Ինչքանո՞վ է բացահայտված Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված հարձակումը, երբ հայտնի չեն ոչ միայն երկու հարձակվողները, այլեւ հանցագործության պատվիրատուները: «Հետքի» հարցին ի պատասխան` գնդապետը նշեց. «Հանցագործության դեպքը բացահայտված է, թե ինչքանով ենք համարում բացահայտված, դրա չափանիշ չկա: Ուրիշ բան է` լիարժեք, հանցագործության բոլոր մասնակիցներին ի հայտ բերելու, պատասխանատվության ենթարկելու… Բռնվածի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ մնացածի մասով քննչական գործողությունները շարունակվում են: Այնպես որ, այդ գործը չի կարող ավարտվել»:
Արգիշտի Կիվիրյանին ծեծելու կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու» մեղադրանքով, մինչդեռ իրավաբանները պնդում են, որ իրականում Կիվիրյանի դեմ իրականացվել է մահափորձ: Ամեն ինչից զատ, այդ մասին վկայում են նաեւ միջադեպից մոտ կես ժամ անց դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի արած լուսանկարները, որոնցում հստակ երեւում են հանցագործների կրակած գնդակների պարկուճները:
«Ինչո՞ւ է ոստիկանությունը կատարված հանցագործությանը տվել սխալ` ավելի մեղմ իրավական գնահատական»,- հետաքրքրվեց «Հետքը»:
«Այսօր ինչ ունենք, հարուցված է: Երբ նախաքննությամբ կհիմնավորվի, որ Արգիշտի Կիվիրյանին հասցվել են ոչ միայն մարմնական վնասվածքներ, այլ դա կանխամտածված սպանության փորձ էր, անպայման հոդվածը կվերաորակվի, խնդիր չկա»,- ասաց Հովհաննես Թամամյանը` միաժամանակ նշելով, որ գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության վարույթ: Թե ինչո՞ւ, գնդապետը չգիտի:
Ինչ վերաբերում է պարկուճների անհետացմանը, Թամամյանը նշեց. «Ես չգիտեմ: Մենք դեպքի վայրի զննությամբ չենք հայտնաբերել պարկուճներ: Եթե մեկը վերցրել-պահել է, թող բերի ներկայացնի»:
Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակմանն ականատես դարձած ոստիկանության տեսուչը ցուցմունքում նշել է, որ հարձակվողներից մեկը, «դե, մեռիր, մեռի» ասելով, Բաղդասարյանի գլխին շարունակել է հարվածել նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս ուշագնաց ընկած է եղել գետնին: Այս գործողությունները նույնպես ոստիկանությունն իբրեւ մահափորձ չի դիտարկել, եւ գործը դատարան է ուղարկել «Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» մեղադրանքով: «Ինչո՞ւ, սա՞ էլ է իրավական ճիշտ գնահատական»,- հարցրինք գնդապետ Թամամյանին: Սակայն նա խորհուրդ տվեց հարցն ուղղել նախաքննական մարմնին:
Դատելով հանրապետությունում լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքների եւ դրանց բացահայտման քանակից` որոշ ուժեր եւ կազմակերպություններ հայտարարել են, թե այդ ամենը գալիս է ոստիկանության դրսեւորած դիտավորյալ անգործությունից:
«Հետքը» Հովհաննես Թամամյանին, որպես բարձրաստիճան ոստիկանի, խնդրեց տալ իր գնահատականը` ինչո՞ւ չեն բացահայտվում լրագրողների դեմ իրականացվող բռնարարքները:
Գնդապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դուք ասում եք խոսք, որը Ձեր իրավունքն է. ես չեմ կարող դրան հակադրվել: Եվ եթե Դուք իմ ներկայացրած թվերը` կրկնակի հանցագործության դեմ պայքարը, կրկնակի ձերբակալումները, կրկնակի կալանավորումները եւ բացահայտումները… Եթե Ձեզ ոչինչ չասաց, եւ Դուք ասում եք, որ ոստիկանությունը դիտավորություն կամ անգործություն է դրսեւորում, ես չէի համարի: Էս քրտնաջան, էս աշխատանքները չգնահատելը, ես կարծում եմ` լուրջ չէ: Եվ Դուք շատ լավ գիտեք` եթե ոստիկանությունը մի քիչ հետեւողական չի լինում հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, Դուք շատ լավ զգում եք քաղաքի վիճակը: Դուք նաեւ շատ լավ պատկերացնում եք էսօրվա մեր պայքարը, թեկուզ, ինչու չէ` ճանապարհային ոստիկանության դեմքով, ինչու չէ` մեր բռնած գործերի թվաքանակով: Ոստիկանությունում չկա, համենայնդեպս, ես չգիտեմ անձ, որը օպերատիվ ինֆորմացիա ունենա ու էդ օրը գնա տուն: Եթե Դուք ունեք նմանատիպ գոնե մեկ օրինակ, ինչու չէ` մենք կբացահայտենք գործը եւ այդ անլուրջ ոստիկանին իսկույն մեր համակարգից կհեռացնենք»:
- Պարոն Թամամյան, խոսքը զուտ լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների մասին է: Ձեզ գոհացնո՞ւմ է բացահայտման արդյունքը: Խնդրում եմ` տվեք Ձեր գնահատականը` ինչո՞ւ չեն բացահայտվում:
«Ոչ, չի գոհացնում: Ես շեշտեցի, որ ոստիկանապետի մոտ բոլոր շահագրգիռ կառույցները հավաքվել են` ուղիղ լրագրողների հետ կապված ոտնձգությունների, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանելու մասով: Սա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Եվ, իրոք, ասում եմ` ես ինքս էլ ցավում եմ: Եթե Դուք մտածում եք, որ ինձ հաճելի է նստել Ձեզ հետ նման հարցի շուրջ խոսել, որը նաեւ Ձեր կոլեգաներն են, չբացահայտված դեպքով, ինձ համար նաեւ տհաճ է: Ես ինքս կուզենամ պարզ ճակատով մյուս հանդիպմանը… Կաշխատենք ակտիվ պայքար տանենք, բացահայտենք եւ ես շատ հրճվանքով կզեկուցեմ, որ, այո, այս դեպքերը բացահայտվել են: Հույսներդ մի կտրեք, մենք հույսներս չենք կտրում. անելու ենք ամեն ինչ»:
Մեկնաբանել