
Վրացական ընկերությունը շարունակում է եկամուտներ բերել դատավորին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը շարունակում է եկամուտներ ստանալ վրացական ընկերությանը տրամադրած փոխառության գումարից: Ուսումնասիրելով դատավորի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում, բացի 5 մլն 899 հազար 362 դրամ աշխատավարձի եկամուտից, նա 62 հազար 462 վրացական լարի եկամուտ էլ ստացել է փոխառությունից ստացված տոկոսներից:
Դեռևս 2010թ. Տարոն Նազարյանն ինքն էր «Հետքին» տեղեկացրել, որ եկամուտներ է ստանում վրացական «Յունիմետ» ՍՊԸ-ին փոխառությամբ տրված 78.500 ԱՄՆ դոլարի դիմաց հաշվարկված տոկոսներից: Միայն 2008 թ. նշված ՍՊԸ-ից ստացված տոկոսները կազմել էին 9.294 դոլար: Դատավորը փոխառությունից եկամուտներ է ստանում մինչ օրս:
«Փոխառությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ, ո՞վ է ասում, որ դա ձեռնարկատիրություն է: Աշխատավարձից էլ եմ եկամուտ ստանում, ուրեմն դա ձեռնարկատիրությո՞ւն է: ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը սեփականություն է, ոչ թե ձեռնարկատիրություն»,- բիզնեսով զբաղվելու վերաբերյալ մեր դիտարկմանը 2010-ին այսպես էր արձագանքել Տարոն Նազարյանը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Տարոն Նազարյանը 2011թ. ունեցել է 36 մլն դրամ՝ նշված տարվա սկզբի 56 մլն դրամի փոխարեն, ինչպես նաև 50 հազար դոլար, որը հանձնված կամ վերադարձված փոխառություն է: Դատավորի կինը՝ Աստղիկ Նազարյանը, ունեցել է 782 հազար 852 դրամի աշխատավարձային եկամուտ: Նրա հաշվին եղել է 2 մլն 500 հազար դրամ:
Համեմատության համար նշենք, որ Տարոն Նազարյանը 2008թ. ունեցել է 219 հազար 465 դոլար և 3 մլն 747 հազար դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել