
Իր օգնականի պաշտոնը Վանաձորի քաղաքապետը մորաքրոջ տղային տվեց
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը «Հետքին» հայտնեց, որ քաղաքապետարանում նոր նշանակումներ կկատարվեն ավագանու որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ օրենքով` համայնքային ծառայության հաստիքների մասով այն ուժի մեջ է մտնում դրա վերաբերյալ տարածքային կառավարման նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմում հաստիքների, հաստիքային միավորների և դրույքաչափերի վերաբերյալ փոփոխության համաձայն`նախկին 9 հայեցողական պաշտոնների փոխարեն ավագանու որոշմամբ հաստատվել է 7-ը. կրճատվել են քաղաքապետի 2 խորհրդականներից 1-ի, 5 օգնականներից 3-ի հաստիքները, ավելացել են 2 նոր` քաղաքապետի մամուլի քարտուղարի և ռեֆերենտի հաստիքները:
Հայեցողական պաշտոններում աշխատավարձի զգալի փոփոխություն է կատարվել քաղաքապետի խորհրդականի հաստիքում` 120 հազարից դառնալով 200 հազար դրամ:
Հայեցողական պաշտոններում արդեն նշանակումներ են եղել. Նորիկ Սարդարյանը վերանշանակվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ քաղաքապետի օգնականի պաշտոնն զբաղեցրել է քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ տղան`Էդիկ Հովսեփյանը: Վերջինս Լոռու մարզպետարանում լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն էր մարզպետ Հենրիկ Քոչինյանի օրոք, այդ ընթացքում նաև կոորդինացնում էր «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը: Վարում է Armweeklynews էլեկտրոնային թերթը: Էդիկ Հովսեփյանի կինն էլ` Մարինե Չատինյանը, Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում է աշխատում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել