HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուտում ենք ժամկետանց սնունդ

Երեւանի Չարենցի փողոցի «Այգեստան» խանութի վաճառողուհին մեր հարցին, թե ունե՞ն արդյոք սննդամթերքի պիտանելիության եւ ժամկետը հաստատող փաստաթղթեր, պատասխանեց` պետական գաղտնիք է: «Սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` վաճառողը պարտավոր է խանութի աշխատանքային ռեժիմի, իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն ներկայացնել սպառողին, եթե վերջինս պահանջում է նման տեղեկություն:

Երեւանի կենտրոնում գտնվող մեր այցելած բոլոր խանութներում հրաժարվեցին տրամադրել նման տեղեկատվություն: Աբովյան փողոցի «Ուրարտու» խանութում վաճառողուհին բարկացած պատասխանեց` գոյություն ունի ապրանքագետ, որն էլ զբաղվում է պիտանելիության, ժամկետի եւ այլ փաստաթղթերով, իսկ ապրանքագետը խանութում չէր: Տերյան փողոցի անանուն խանութի վաճառողուհին ասաց. «Ես չգիտեմ, դա իմ գործը չէ»: Գրիգոր Լուսավորիչ փողոցի «Պատուհան» խանութի վաճառողի պատկերացմամբ էլ իրենց մթերքների պիտանելիության եւ ժամկետի երաշխիքն իրենք են:

Այդ խանութներում վաճառվող ապրանքներից շատերի վրա նշված չէր կա՜մ օգտագործման, կա՜մ արտադրման ժամկետները: «Դարոինկ» ֆիրմայի եգիպտացորենի ձողիկների կամ «Կլասիկ» սուրճի փաթեթների վրա չկային վերոնշյալ տեղեկությունները: «Օգտագործելով ժամկետանց, անորակ սնունդ, առաջին հերթին մենք վնաս ենք հասցնում մեր առողջությանը` «վաստակելով» տարբեր հիվանդություններ, հիմնականում` քաղցկեղ, սնկային հիվանդություններ, իմունիտետի անկում»,- ասում է Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը:

Ըստ ՀՀ կառավարության 1998թ. թիվ 35 որոշման 6-րդ կետի` խանութի ճակատային մասում` գնորդներին տեսանելի տեղում, պետք է փակցվի ցուցանակ, որտեղ նշվում են խանութի ֆիրմային անվանումը, իրավաբանական հասցեն եւ աշխատանքային ռեժիմը: Մեր այցելած խանութներից չորսը չունեին անվանում: Իսկ ինչ վերաբերում է խանութի տեսակին, աշխատանքային ռեժիմին եւ հասցեին, ապա այցելած 10 խանութներից եւ ոչ մեկում այս տեղեկությունները պարունակող ցուցանակ չկար:

Խանութներից ոչ մեկի գնորդները չգիտեին իրենց իրավունքները: Աբգար Եղոյանի կարծիքով. «Եթե համեմատենք անցած տարիների հետ, տարբերությունն ակնհայտ է: Հիմնական փոփոխությունը ոչ թե շուկայում է, այլ մարդկանց հոգեբանության մեջ: Նրանց արդեն հետաքրքրում է իրենց օգտագործած սննդամթերքի որակը, ժամկետը, պիտանելիությունը: Կարծում եմ` սա պակաս նվաճում չէ: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է. «Եթե մենք` սպառողներս, խանութներում վաճառողներից պահանջենք հարգել մեր իրավունքները, վաճառողը, արտադրողը ստիպված կլինի պաշտպանել դրանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter