
Իրավաբան պետք չէ լինել անարդարությունը զգալու համար. Հայկ Ալումյան
Հարցազրույց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ
-Պարոն Ալումյան, արդեն մոտ մեկ տարի է՝ դատարանում պաշտպանում եք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի շահերը: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նրա և «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների գործով դատավարությունը դեռ ընթացքի մեջ է՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Ի՞նչ եք այսօրվա դրությամբ Դուք՝ որպես պաշտպան, արձանագրում:
-Առայժմ մենք մի կողմից ունենք մի իրավիճակ, երբ նախաքննության մարմինը միակողմանի հավաքել ու հարմարեցրել է վկաների ցուցմունքներն ընդդեմ Նարեկի ու մյուս երկու անձանց, մյուս կողմից էլ՝ ունենք դատավարություն, որտեղ դեռ հետազոտվում են մեղադրական ապացույցները: Ես չեմ կարող դեռ արձանագրել որևիցե հաջողություն այդ դատավարության շրջանակներում: Բայց այն, որ հետզհետե պարզվում է, թե ինչպես են վկաների նախաքննական ցուցմունքները վերցվել, պարզից էլ պարզ է: Ձեր աչքի առաջ վկաները ցուցմունքներ են տալիս դատարանում ու նշում, որ ապրանք տալիս իրենց հաշիվ-ապրանքագրեր տրվել են, այնինչ նույն մարդիկ իրենց նախաքննական ցուցմունքներում հակառակն են պնդել, հետո էլ խոստովանում են, թե քննիչն ինչ-ինչ հնարքներ է կիրառել: Այսինքն՝ վկաների ցուցմունքների ակնհայտ հակասություններ կան: Հարց է առաջանում՝ ինչպես են ստացվել նախաքննական ցուցմունքները: Իսկ հաշիվ-ապրանքագիր տալ-չտալը այս գործի հիմքն է:
- Եթե կետ առ կետ նշենք, թե կոնկրետ Նարեկ Հարթունյանի գործով ինչ իրավունքներ են խախտվել, ապա ի՞նչ պատկեր կստացվի:
- Նախ կառանձնացնեմ կալանքի սանկցիան, որը ապօրինի էր: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչ փոխվեց, որ խափանման միջոցը փոխվեց: Բանն էլ հենց այն է, որ ոչինչ չփոխվեց այդ 4 օրերի ընթացքում, բայց Նարեկին ու ընկերության երկու աշխատակիցներին ազատ արձակեցին: Եղբա՛յր, եթե կարող էիք չկալանավորել այս մարդկանց, ապա ինչու կալանավորեցիք: Նույն ելակետային տվյալների հիմքով մեկ կալանավորում եք, մեկ բաց թողնում: Բայց չէ՞ որ կալանքը բացառիկ խափանման միջոց է: Եվ պիտի կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա դրա օբյեկտիվ պատճառը:
Կամ մեկ այլ պարագա. երկու տղամարդ ու երիտասադ աղջիկ գտնվել են քննիչի փոքր սենյակում, ու երբ նրանք ցանկացել են հանգստանալ, քմծիծաղ տալով նրանց առաջարկվել է սենյակի մեկ բազկաթոռը, թե պառկեք քնեք: Ընդունեք, որ անհաջող կատակ է, ավելին՝ նվաստացնող վերաբերմունք:
Երրորդ՝ բանկային հաշիվների ամբողջական սառեցումը աբսուրդի գագաթնակետն է: Այս մարդիկ մեղադրվում են 64 մլն դրամի հարկեր չվճարելու մեջ: ՊԵԿ-ը ուզում է պետական բյուջե վերադարձնել այդ գումարը: Բայց նույն այդ ընկերությունը 100 մլն դրամի հարկ էր վճարում, երբ աշխատում էր: Սակայն հաշիվների վրա կալանք դնելուց հետո արդեն մոտ 2 տարի է ընկերությունը չի աշխատում: Հիմա եկեք տեսնենք, թե ով ավելի շատ պետությանը վնաս պատճառեց: Ստացվում է, որ այս գործընթացով ընդամենը մարդուն սննկացնելով են զբաղված:
- Լավ, բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու այս ամենը:
-Ֆրանսիացիները կասեին՝ փնտրեք կնոջը, մեր պարագայում կասեմ՝ փնտրեք որևէ իշխանավորի, ձեռնտու է նրանց, ում ձեռնտու չէ Նարեկի գործունեությունը, ով ձգտում է հասնել նրան, որ սփյուռքահայ գործիչը, ով այստեղ առաքելություն է իրականացնում, թողնի հեռանա:
- Նարեկ Հարթունյանի և ընկերության երկու աշխատակիցների ձերբակալությունից հետո հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ: Արվեստի աշխարհը, մտավորականները համախմբվեցին: Ի վերջո, 4 օր անց նրանց հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվեց հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ: Փաստորեն եթե հանրությունը չընդվզեր…
- Նարեկ Հարթունյանը թողել է իր տաք ու ապահով անկյունը, եկել է Հայաստան՝ առաքելությամբ, հայ մշակույթը զարկ տալու, մաքուր պահելու, տարածելու առաքելությամբ: «Նարեկացի» արվեստի միությունը ես չէ, որ պիտի ներկայացնեմ: Իրավաբան պետք չէ լինել, որ անարդարությունը զգալ, այնպես, ինչպես խոհարար պետք չէ լինել, որ հասկանալ ուտեստը համե՞ղ է, թե՞ ոչ: Հասարակությունը ընդվզեց, կարողացավ այդ պահին փոխել դեպքերի ընթացքը: Նարեկ Հարությունյանին հարկերից խուսափելու մի ժամանակահատված է մեղսագրվում, երբ ինքը նույնիսկ որևէ առնչություն չի ունեցել այդ ընկերության հետ: Ընկերությունը պատկանում է իր ընտանիքին, հիմնել է հայրը, իսկ տնօրենները եղել են երկու այլ անձինք ու իրականացրել են փաստացի կառավարումը, սակայն նույն ՊԵԿ-ը այդ երկու անձանց թողած՝ քրեական գործ է հարուցել ընկերության հիմնադրի որդու՝ Նարեկի դեմ:
-Այդուհանդերձ բարի անուն ու համբավ ունեցող մարդու՝ Նարեկ Հարթունյանի մասին խոսելով՝ ՊԵԿ-ի փոխնախագահը տարվա սկզբին տեսակամրջի ժամանակ նշեց, որ Հարթունյանի գործը տիպիկ այն սփյուռքահայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր: Անմեղության կանխավարկածը խախտելու մասով Դուք դիմեցիք դատարան: Վճիռ կայացվեց: Ձեզ բավարարե՞ց այն:
-Միայն դա չասաց պարոն Ալավերդյանը, եթե միայն դա ասեր, միգուցե դատարանում վիճարկելու բան էլ չունենայինք: Նա նույն միտքը շարունակելով՝ ասաց նաև. «և, ցավոք սրտի, այդ լավ գործընթացը ուղեկցվում է հարկերը չվճարելով»: Դարձյալ պնդում եմ, որ սա անմեղության կանխավարկածի խախտում է: Չէ՞ որ դեռ չկա դատվճիռ, և մարդը շարունակում է իր գործունեությունը, գնում է արվեստի միություն, որտեղ շփվում է երեխաների ու նրանց ծնողների հետ: Այս հայտարարությունը միանշանակ կարող էր ձևավորել կանխակալ կարծիք թե՛ հանրության, թե՛ նրա գործը քննող դատավորի մոտ: Իսկ ի՞նչ արեց դատարանը: Փորձեց ոչ մի կողմին նեղացնել, ոչ մյուսին: Առաջին կետով չընդունեց, որ Ալավերդյանի ասածը անմեղության կանխավարկածի խախտում է, մյուսով՝ սակայն հակասեց առաջին մտքին: Որոշեց պարտավորեցնել անմեղության կանխավարկածը խախտող գործողություններից ձեռնպահ մնալ:
-Գիտեմ, որ արդեն իսկ Նարեկ Հարթունյանի գործով ՄԻԵԴ եք ուղարկել տարբեր գանգատներ: Ինչի՞ մասին են գանգատները:
-Ձերբակալման ժամանակ Նարեկ Հարթունյանի և ընկերության երկու աշխատակիցների իրավունքների խախտումները, անմարդկային վերաբերմունքը, գույքային իրավունքների խախտումները: Այս ամենը փաթեթով արդեն իսկ ներկայացրել ենք Եվրոպական դատարան: Մենք հետևողականորեն շարժվելու ենք առաջ: Բանկային հաշիվները սառեցնելու ուղղությամբ ևս դրվագ առ դրվագ ներկայացելու ենք Եվրոպական դատարան:
-Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Բայց ինչպե՞ս եք Դուք տեսնում այս գործի ելքը:
- Համոզված եմ, որ արդարությունը կհաղթանակի, և մենք կունենանք արդարացման դատավճիռ: Մի օր կապացուցվի, որ այս մարդիկ մեղավոր չեն: Այլ հարց է՝ պետությունը կգնա՞ նրան, որ ապահովի արդար ելք, թե՞ կանի ամեն ինչ, որ այս մարդիկ դատապարտվեն: Եվ երկրորդը՝ ինչքա՞ն կտևի այս խայտառակությունը: Սա Նարեկի համար է անսպասելի, քանի որ ինքը տարակուսած է, թե ինչու է հայրենի պետական կառույցների համար խորթ զավակ, բայց մեր՝ փաստաբաններիս համար, սա ամենաօրյա սովորական պայքար է:
Մեկնաբանել