
Արցախի Զբոսաշրջության վարչությունը չի թույլատրել երեսպատել Գանձասարի պարիսպը. ո՞վ է այժմ վարչությանը ստիպում լռել
Արցախի Վանք գյուղի 13-րդ դարի Գանձասար վանական համալիրի պարսպի երեսպատման որևէ նախագիծ, փաստաթուղթ չկա, և լիազոր մարմինը՝ Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, չի թույլատրել երեսպատել պարիսպը: Այս մասին «Հետքին» ասաց Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, ով տեղեկությունը երեկ ստացել է վերոնշյալ վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի հետ զրույցից:
Հենց Արցախի Զբոսաշրջության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով 2011թ. ամռանը դադարեցվեցին երեսպատման աշխատանքները: Դրանք ֆինանսավորում էր արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը, ով 2012թ. նոյեմբերի վերջին վերսկսեց երեսպատումը: Այս անգամ, սակայն, Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունը բացարձակապես որևէ դիրքորոշում չի հայտնում:
Ստեփան Նալբանդյանը ենթադրում է, որ գուցե վարչությունն իմացել է, որ գործարարը պատրաստվում է վերսկսել երեսպատումը, բայց անզոր է եղել որևէ բան անել, քանի որ գուցե Արցախի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները վարչությանը կարգադրել են չխոչընդոտել` չնայած նրան, որ երեսպատումն իրականացվում է` առանց որևէ փաստաթղթի, ոտնահարելով օրենքը:
Լևոն Հայրապետյանը ներդրումային և բարեգործական ծրագրեր է իրականացնում Արցախում:
«Միանշանակ է, որ պարոն Շահվերդյանը չի կարողանում այդ գործը իրավական դաշտ բերել և օրենքի չափանիշներով կատարել աշխատանքը ինչպես կարգն է` նախագիծ, հաստատում, թույլտվություն, շինթույլտվություն և այլն, և այլն: Ուրեմն նշանակում է` մարդուն արգելք են լինում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
2011թ. ամռանը Լևոն Հայրապետյանը նախատեսում էր երեսպատել ողջ պարիսպը, բայց հիմա մտադիր է երեսպատել միայն ճակատային պատը: Ստեփան Նալբանդյանը ենթադրում է, որ ճակատային պատն արդեն գրեթե ամբողջությամբ երեսպատված է: Թեև մյուս պատերի ճակատագիրն էլ հայտնի չէ, քանի որ նախագիծ չկա:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան Գանձասարի երեսպատումն անհապաղ դադարեցնելու պահանջով բաց նամակ էր գրել ՀՀ և ԼՂՀ նախագահներին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին և վարչապետին: ԼՂՀ այս բոլոր մարմինների աշխատակազմերից զանգահարել են Ստեփան Նալբանդյանին, ուստի նա վստահ է, որ բոլոր հասցեատերերը ստացել են նամակը: Սակայն ասոցիացիան դեռևս ոչ մեկից պատասխան չի ստացել:
Երեկ, երբ զրուցում էինք Ստեփան Նալբանդյանի հետ, իրեն զանգահարեցին ՀՀ Հանրային խորհրդից և խնդրեցին նախագահներին ուղղված բաց նամակն ուղարկել նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Միջնադարյան հուշարձանի պարսպի երեսպատումը վերսկսվել է մոտ մեկ ամիս առաջ, և հավանաբար արդեն ավարտվում է, բայց Հանրային խորհուրդը միայն հիմա է ուզում ստանալ խնդրի վերաբերյալ բաց նամակը, որը դեռ դեկտեմբերի 6-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում:
Երեսպատման մասին որևէ դիրքորոշում չեն հայտնում նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ստեփան Նալբանդյանը բացառում է, որ կաթողիկոսը կարող է տեղեկություն չունենալ Գանձասարից կամ Արցախի թեմից, որն անմիջականորեն ենթարկվում է Մայր Աթոռին: «Կաթողիկոսը ամեն ինչից է տեղյակ»,- ասում է ճարտարապետը:
Իսկ ինչ վերաբերում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի լռությանը, ապա Ստեփան Նալբանդյանը ենթադրում է, որ գուցե Արցախի թեմի առաջնորդի ճաշակը համընկնում է Լևոն Հայրապետյանի ճաշակին, և երկուսն էլ մտածում են, որ «փայլեցնելով, պլպլացնելով` ավելի շահավետ բան են անում», կամ «անձնական այլ ինչ-որ հարցեր ունեն»:
«Այդ քարը օգտագործում են հենց բարերարի հանքից: Հենց Վանք գյուղի տարածքներում է, սարերի, անտառների մեջ ինչ-որ հանք են բացել, որ իրենց քարն են օգտագործում: Ես անձամբ հանքը չեմ տեսել, բայց վստահ գիտեմ, որ դա գործարարի սեփական հանքն է, որը եղբայրն է շահագործում: Իրենց քարը բերում այնտեղ ներդնում են»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Նրա կարծիքով` երեսպատելով միջնադարյան հուշարձանի պարիսպը՝ գործարարն ուզում է ապացուցել, որ Արցախում անելու է` ինչ ուզում է, և ոչ ոք չի կարող իրեն արգելել: Ճարտարապետը ենթադրում է, որ երեսպատումը Լևոն Հայրապետյանի նաև անձնական քմահաճույքն է և անձնական ճաշակը:
Գանձասարի պարիսպը երեսպատվում է` ոտնահարելով օրենքի մի շարք դրույթներ
Ստեփան Նալբանդյանը պարսպի երեսպատման հարցում ամենից վատը համարում է այն, որ շրջանցվում են բոլոր օրենքները: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` «…Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա: Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները»:
![]() |
|
Գանձասարի պարիսպը մինչ երեսպատումը | Գանձասարի պարիսպը երեսպատումից հետո |
Նույն օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է. «…Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է՝ առանց հուշարձանի տեսքի փոփոխության: … Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ»:
Իսկ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ այդ հուշարձանների «հետազոտման, ամրակայման, նորոգման, վերականգնման, դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միայն հուշարձանի՝ որպես պատմամշակութային արժեքի առավելագույն բացահայտմանը և պահպանմանը՝ անհրաժեշտ նվազագույն միջամտություններով»:
Ստեփան Նալբանդյանը վստահեցնում է, որ հուշարձանների պահպանության բնագավառում Արցախում գործում են նույն օրենքները, ինչ ՀՀ-ում, և ընդհանրապես հուշարձանների վերաբերյալ օրենքների դրույթներն ու սկզբունքներն ողջ աշխարհում նույնն են:
«Մեր ու ձերը չկա, մեր բոլորի համար նույնն է այդ օրենքը: Գոյություն ունեն համաշխարհային խարտիաներ, ժողովներ, գիտաժողովեր, որտեղ ընդունվում են հռչակագրեր, որոնցում ասված է, որ պատմամշակութային ժառանգությունը, ճարտարապետական, հնագիտական կոթողները պետք է պահպանվեն և հաջորդ սերունդներին հասնեն այնպիսի տեսքով, ինչպիսին եղել են, կան, ու կլինեն»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան ՅՈւՆԵՍԿՕ-ի ակումբի անդամ է և կարող է երեսպատման հարցը բարձրացնել ՅՈւՆԵՍԿՕ-ում, բայց չի պատրաստվում դա անել` հաշվի առնելով քաղաքական նկատառումներ:
«Եթե Ղարաբաղը ճանաչված մի երկիր լիներ աշխարհի մեծերի կողմից, հիմա վաղուց ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում էր Գանձասարը»,- ասում է Ստեփան Նալբանդյանը: Նա վստահ է, որ պարսպի երեսպատվելուց հետ Գանձասարն այլևս չի գրացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, քանի որ հուշարձանի պատմական միջավայրը խախտվել է:
Տարիներ առաջ Ստեփան Նալբանդյանը եղել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնախմբում, որը որոշում էր, թե որ հուշարձաններն ընդգրկվեն համաշխարհային ժառանգության ցանկում: Վայոց ձորի Նորավանք 13-րդ դարի վանական համալիը չընդգրկվեց ցանկում այն պատճառով, որ Մայր Աթոռի ձեռքով կամ թողտվությամբ ռեստորան էր սարքվել վանական համալիրի կողքին` պատմական միջավայրում: ՅՈւՆԵՍԿՕ-ի` Նորավանք եկած մասնագետները նույնիսկ չուզեցին տաճարին մոտենալ. տեսնելով ռեստորանը` նրանք թողեցին-գնացեին:
Ինչու են միջնադարի հայ վարպետները վանքերի պարիսպները շարել խամ քարով
2011թ. հուլիսի 6-ին Լևոն Հայրապետյանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն ասել էր, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ականներին: Ներկայում պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար ինքը որոշել է երեսպատել այն տրավերտինե սալիկներով, որոնք նույն հանքից են, որի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:
Ստեփան Նալբանդյանը վստահ է, որ Գանձասարի պարիսպը կառուցվել է տաճարի հետ միաժամանակ` 13-րդ դարում: Պահպանվել են 1910թ. լուսանկարներ, որոնցում պարիսպը երևում է:
Ճարտարապետի խոսքով` ՀՀ-ում գրանցված է մոտ 26 հազար հուշարձան, Արցախում` 10 հազար, ինչպես նաև ևս մոտ 10 հազար չգրանցված հուշարձան կա: Նրան վրդովեցնում է, որ նման վերաբերմունքի արժանացավ Գանձասարը, որը ողջ հայ ճարտարապետության գլուխգործոցների 1-ին տասնյակում է իր արժեքով ու կատարելությամբ:
Ստեփան Նալբանդյանը նշում է, որ Արցախում գրանցված հուշարաձաններից միայն 4-5-ի պարիսպն է սրբատաշ շքեղ քարից, մնացածներինը շարված են խամ քարերից, ինչպես Գանձասարի պարիսպը, ինչպես, օրինակ Հաղպատի, Տաթևի վանքերի պարիսպները:
Բացատրությունն այն է, որ պարիսպները միշտ ենթարկվել են թշնամու հարձակումներին, անընդհատ քանդվել ու վերաշարվել են, ուստի սրբատաշ քարով կառուցելն իմաստ չի ունեցել: Մյուս գլխավոր պատճառն այն է, որ միջնադարի հայ վարպետները վանական համալիրներ կառուցելիս ցանկանել են, որ ամենից շքեղը և ուշադրության արժանին լինեն տաճարները: Այդ պատճառով կողմնակի և կից կառույցները, այդ թվում նաև պարիսպները շքեղ չեն կառուցել:
Դարերի ընթացքում Գանձասարի պարիսպն ամրացվել է կրաշաղախով, իսկ հիմա երեսպատում են ցեմենտ-բետոնով: «Անթույլատրելի է, անգրագիտություն է պատմական հուշարձանի վրա օգտագործել մեխ, լար, արմատուրա, ցեմենտ, «աբլիցովկի պլիտա»: Ի՜նչ անտանելի անորակ է արվում հենց այս իրենց աշխատանքը: Քարը քարին կպցնելու տեխնոլոգիան ճիշտ չգիտեն, քարի երեսները, հաստոցի տաշվանքների հետքերը: Հետևը խփում ես` դատարկություն է. մի երկու ձմեռ անցնի, պոկվելու է թափվի»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան համոզված է, որ սալիկները պետք է քանդվեն: Պարսպի նախկին կերպարը վերադարձնելը Ստեփան Նալբանդյանը համարում է դժվար, բայց հնարավոր:
Նա այլ ճարտարապետների հետ 1989թ. արել է Գանձասարի ողջ վանական համալիրի, այդ թվում նաև պարսպի (դարերի ընթացքում քանդված ու վերաշարված շերտերով) չափագրումն ու վերականգնման նախագիծը, և ուզում է, որ գործարարն արխիվից վերցնի այդ նախագիծն ու ըստ դրա վերականգնի պարիսպը:
«Ձրի է: Թերթում գրել էին, որ «ճարտարապետները փող են ուզում»: Մենք փող չենք ուզում. մենք 1989թ. լավ փող ենք ստացել դրա համար: Արխիվում դրված է: Հիմա մեր գծագրին մեզ փողով են թույլ տալիս կպչել: Գնացեք, արխիվից վերցրեք, օգտվեք` պահպանելով իր պատմական կերպարը: Այս փողերը որ իրենք ծախսում են պարսպի վրա, այնքա՜ն կարիքը կա տաճարի վրա ծախսելու: Այնպիսի՜ վնասված պատեր ունի, ու այնպիսի՜ վթարային վիճակի հատվածներ ունի, որ դա է պետք փրկել»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Հ.Գ. 1950-60-ականներին Էջմիածնի Մայր տաճարի շուրջ եղած հողածածկ պարսպապատերը նոր տուֆով երեսպատելու հարց առաջացավ: Այդ ժամանակ Վազգեն Վեհափառ կաթողիկոսը հրավիրեց գիտամեթոդական խորհուրդ, որի կազմի մեջ մտնում էին Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Մնացականյանը, Ռաֆայել Իսրայելյանը և այլ մեծեր: Գիտամեթոդական խորհուրդը քննարկեց, թե արդյոք պե՞տք է հողածածկույթը դարձնել պատ: Ռաֆայել Իսրայելյանն արեց նախագիծ, որը խորհուրդը մի անգամ մերժեց, երկրորդ անգամ նոր հաստատեց:
«Երբ հիմա նորից կարվի նախագիծ, կքննարկվի գիտամեթոդական խորհրդում, բոլորը կասեն` ««աբլիցովկա» է պետք անել», կասեմ` «ուրեմն ես կամ իմ կոլեգաները միակն ենք, որ չհասկացանք էս գործի ճշտությունը, ու թող անի, ինչ անում է»,- ասում է Ստեփան Նալբանդյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել