
Երեկվանից Երևանում սկսվել են անվճար ակնաբուժական հետազոտությունները
Երեկվանից «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում անցկացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ, որոնք կատարվում են ակնաբուժական տեխնիկա և դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ: Ակցիան տևելու է մինչև հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի` մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազնին հետազոտություն կանցնեն Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:
Այսօր «Քանաքեռ-Զեյթունի» ակնաբուժական կլինիկայի բժիշկները թիվ 12 պոլիկլինիկայում ընդունել են Ավան վարչական շրջանի բնակիչներին:
Ակցիան իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:
Ակնաբույժների հավաստիացմամբ` նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակաբուժական հետազոտություն անցնել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել