
Մահացած կալանավորի գործն ուղարկվեց Եվրոպական դատարան
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի գործն այսօր ուղարկվեց Եվրոպական դատարան: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը ՄԻԵԴ-ի առջև 2 խնդիր է բարձրացնում. տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում. պետությունը չի կատարել քաղաքացու առջև իր պոզիտիվ պարտականությունը և պատշաճ քննության չի արժանացրել նրա մահվան հանգամանքները, մասնավորապես` թե ինչպես է արգելված իրը (ներարկիչը, որով իրեն թուք էր ներարկել կալանավորը, ինչն էլ առաջացրել էր գազային գանգրենա հիվանադություն) հայտնվել ՔԿՀ-ի համապատսխան խցում, ինչպես նաև` ինչու հիվանդ կալանավորին այնուհետև պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչը հանգեցրել է նրա մահվան:
Հիվանդության և մահվան միջև ժամանակահատվածում հիվանդ կալանավորը նաև հոգեպես է տանջվել, ենթարկվել է հոգեբանական ճնշումների ու դաժան, անմարդկային վերաբերմունքի: Պետության կողմից խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները:
«Ես կարծում եմ, որ ԵԴ-ն կընդունի վարույթ այս գործը, և տեսնենք, թե կառավարությունն ինչ կպատասխանի»,-նշեց փաստաբանը: Նրա փոխանցմամբ` դիմումի հետ արդեն ուղարկվել են կյանքի իրավունքի վերաբերյալ ԵԴ-ի նախադեպեր, թղթակցությունը սկսվելուց հետո կներկայացվեն նաև այլ հիմնավորումներ: Առայժմ վարույթ ընդունելու հարցը պետք է քննարկվի:
Մեկնաբանել