
ԱԺ-ից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում նաև Հովիկ Աբրահամյանի պատգամավոր բարեկամուհին
Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը: Այս դրույթը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ փոխհատուցման գումարի չափը ամսական կազմում է 120 դոլարին համարժեք դրամ (այսօրվա դրությամբ` մոտ 48 հազար դրամ-հեղ.):
Ներկա դրությամբ փոխհատուցում ստանում են Ազգային ժողովի վեց պատգամավորներ` ՀՀԿ-ից Կարինե Պողոսյանը եւ Հայկ Գրիգորյանը, ԲՀԿ-ից` Գրիգոր Գրիգորյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանն ու Խաչիկ Հարությունյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Կարինե Պողոսյանը Արարատի մարզից է: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է եւ մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենը: Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ ընտրվելու օրվա դրությամբ որպես եկամուտ հայտարարագրել է 3 մլն 544 հազար 671 դրամ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ հաշվեհամարին եղել է 600 հազար դրամ:
Կարինե Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի նիստերի օրերին ԱԺ ամեն օր գալիս է Արտաշատից: Հարցին, եթե ամեն օր Արտաշատից է գալիս, ինչո՞ւ է ստանում 120 դոլարին համարժեք փոխհատուցումը:
«Ես բնակարան վարձեցի, պայմանները չբավարարեց, հիմա տուն եմ փնտրում: Վարձածս տունը Դավթաշենում էր, դատարկ էր, նույնիսկ գույք եմ բերել դրել, բայց չհարմարվեցի ու հիմա նոր տուն եմ փնտրում Կենտրոնում, դրա համար էլ գնում-գալիս եմ»,-ասաց Կարինե Պողոսյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք` արդյոք 120 դոլարով հնարավո՞ր է Կենտրոնում տուն վարձել: «Չեմ կարող, բայց ինչ անեմ, հատկապես ձմռան ամիսներին դժվար է գնալ-գալը, իսկ թե ինչքանով կվարձեմ… կվարձեմ, բայց ինձ հարմար տուն դեռ չեմ գտնում: Դավթաշենն էլ էր հեռու, չէր հարմարվում, դրա համար էլ հիմա Արտաշատից եմ գնում-գալիս»,-պատասխանեց պատգամավորը:
Հայկ Գրիգորյանը Գորիսից է եւ պատգամավոր ընտրվելուց առաջ աշխատել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: Որպես եկամուտ 28-ամյա պատգամավորը, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, հայտարարագրել է իր աշխատավարձը` 108 հազար դրամ, իսկ նրա հաշվեհամարին եղել է 0 դրամ: Որպես անշարժ գույք, Հայկ Գրիգորյանն ունի մեկ բնակարան:
Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քառօրյաների ժամանակ մնում է Երեւանում այդ ընթացքում էլ իր բարեկամները պատգամավորին ապահովում են ավտոմեքենայով, որ գնա աշխատանքի ու հետ վերադառնա: «Մի մոռացեք, որ ես մեծամասնական պատգամավոր եմ եւ չեմ կարող միշտ մնալ Երեւանում, տարածաշրջանում ընտրողների հետ հանդիպումներ եմ ունենում եւ այլն»,-ասաց պատգամավորը:
Նա հաստատեց, որ ամեն ամիս ստանում է 120 դոլարին համարժեք դրամ որպես բնակարանի վարձի հատուցում: «Բնակարան եմ վարձել Երեւանում: Իհարկե այդ գումարով հնարավոր չէ բնակարան վարձել, ինչ-որ գումար էլ ես եմ ավելացրել ու վարձել եմ»,-նշեց Հայկ Գրիգորյանը:
Գրիգոր Գրիգորյանը ծնունդով Արարատից է եւ ամենայն հավանականությամբ այնտեղ էլ ապրում է: Ըստ եկամուտների հայտարարագրի` նա ունեցել է 5000 եվրո, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենա, 0,207 հա տնամերձ հողամաս, 0, 264 հա այգի, ինչպես նաեւ 28 հա ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Պատգամավորից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա բջջային հեռախոսն անհասանելի էր:
Իշխան Խաչատրյանը Վեդիից է: Նա պատգամավոր է դարձել 2008թ.-ին: Գրեթե ամեն տարի նա ստացել է բնակարանի վարձի փոխհատուցման գումարը: Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 3 մլն 387 հազար 250 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Իշխան Խաչատրյանն ունեցել է 5 մլն դրամ եւ 7000 դոլար: Պատգամավորը հայտարարագրել է նաեւ «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա:
ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վանաձորցի է: Պատգամավոր է` 2008թ.-ից: Անդրադառնալով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագրին` նշենք, որ Խ. Հարությունյանի եկամուտը նույնպես գոյացել է աշխատավարձից` 3 մլն 466 հազար դրամ: Իսկ դրամական միջոցներով փոխհատուցում ստացող 6 պատգամավորներից ամենահարուստն է` 3 մլն 200 հազար դրամ եւ 32 հազար դոլար: Պատգամավորի կինը` Անահիտ Բոշյանը, 2011թ. ստացել է 888 հազար դրամի եկամուտ, որը դարձյալ աշխատավարձից է գոյացել:
ՕԵԿ-ական պատգամավորներից նույնպես պարզաբանում ստանալ չհաջողվեց. Նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:
Ամեն ամիս 120 դոլարին համարժեք դրամ ստանում է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե քանի պատգամավոր է ստանում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված փոխհատուցումը, սակայն նշեց, որ ինքն այն պատգամավորներից մեկն է, որին օրենքով հասնում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
«Նշված գումարով անհնար է Երեւան քաղաքում բնակարան վարձել, որտեղ կլինի գույք եւ նվազագույն պայմաններ ընտանիքի հետ բնակվելու համար»,-ասաց Է. Մարուքյանը:
Պատգամավորի տեղեկություններով`հունվարի 1-ից տրվող գումարի չափը բարձրացվելու է, որպեսզի օրենքի խախտումը վերանա, քանի որ օրենքում հստակ գրված է. «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում »:
Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք ունի այդ գումարի կարիքը, թե՞ պարզապես օրենքով սահմանված իր իրավունքից է օգտվում: «Եթե Երեւանում բնակարան ունենայի կամ այլ եկամուտներ, որով կարողանայի այդ խնդիրն ինքս լուծել, ես կհրաժարվեի այդ բնակարանի վարձի փոխհատուցումից»,-պատասխանեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարագրին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 3 մլն 72 հազար 911 դրամի եւ 850 եվրո եկամուտ, որը գոյացել է տարբեր աշխատավարձերից ու դրանց հավասարեցված վճարումներից, ինչպես նաեւ հոնորարից: Պատգամավորի հաշվին եղել է 1 մլն 686 հազար 185 դրամ, 36 դոլար եւ 990 եվրո:
Է. Մարուքյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 1999թ. արտադրության «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բնակարան, որը Երեւանում չէ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել