
2012 թ. սկզբին Կարմիր Շուկայի 1050 բնակիչները կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում մեկնարկել Է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ:
Նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել և պիտանի չէ շահագործման: Գյուղապետ Սամվել Հակոբջանյանի խոսքով` կենցաղային կարիքները հոգալու համար գյուղացիները ջուրը կրում են գյուղի աղբյուրներից:
Ծրագրով նախատեսվում է գյուղի համար նոր ներքին ցանց կառուցել: Կվերանորոգվեն Տնջրի և Հաչա աղբյուրների աղբյուրակապերը, կկառուցվի 100 մ3 և 150 մ3 տարողությամբ երկու օրական կարգավորման ջրամբար, 11 կմ երկարությամբ ութ ջրատարի միջոցով ներքին ցանցը կմիացվի աղբյուրներին, և առանձին ջրագծերով ջուրը կհասցվի տներ:
Ներկայումս կատարվում են Տնջրի աղբյուրակապից մինչև գյուղ տանող ջրատարի կառուցման աշխատանքները:
«Ջրի հարցը ՀՀ-ի ու Արցախի շատ գյուղերում դեռևս մնում է հրատապ լուծում պահանջող խնդիր, և պատահական չէ, որ այս տարի ևս հիմնադրամի հանգանակած գումարների զգալի մասը կուղղվի գյուղական համայնքներում ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արդեն 2012 թ. սկզբին գյուղի 270 ընտանիքը (ավելի քան 1050 բնակիչ) կապահովվի կանոնավոր ջրամատակարարմամբ:
Մեկնաբանել