
Փոխնախարարը վստահեցնում է, որ ՄԻԱՎ վարակի բուժման հասանելիությանը ոչինչ չի սպառնում
Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման կայունությունը Հայաստանում. հնարավորություններ ու ռիսկեր» կլոր-սեղան քննարկումը, որը կազմակերպել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը:
Հանդիպման ժամանակ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի ավարտից հետո հակառետրովիրուսային բուժման ապահովման վերաբերյալ՝ բուժումը ֆինանսավորելու, հակառետրովիրուսային դեղամիջոցներ ձեռք բերելու և պլանավորելու, շարունակաբար աճող պահանջարկը բավարարելու առումով:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման ավարտը որևէ կերպ չի խոչընդոտի ՄԻԱՎ վարակ ունեցող անձանց հակառետրովիրուսային բուժման հասանելիությանը:
Փոխնարարը և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանը փաստեցին առողջապահության նախարարության նախաձեռնած օրենսդրական մի շարք բարեփոխումները, որոնք միտված են դեղամիջոցների գնման գործընթացը պարզեցնելուն և ձգձգումներից խուսափելուն:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) ներկայացուցիչ Նաիրա Սարգսյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ենթաօրենսդրական ակտերի վերանայման և բարեփոխումների գործընթաց, որի արդյունքում ՄԻԱՎ վարակի բուժման հասանելիությունը կունենա իրավական երաշխիքներ:
ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժումը միջազգային գիտական հանրության ընդունած եղանակ է, որը հնարավորություն է տալիս ՄԻԱՎ վարակ ունեցող անձին ապրել 40 և ավելի տարի վարակվելու պահից հետո: Բացի դրանից՝ ՀՌՎ բուժումը դիտարկվում է որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ միջոց:
Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից ավելի քան 400-ը ստանում է ՀՌՎ բուժում:
2005 թ.-ից ի վեր Հայաստանում հնարավորություն է ստեղծվել իրականացնել ՄԻԱՎ վարակի մորից երեխային փոխանցման կանխարգելում այդ թվում ՀՌՎ դեղամիջոցներով: Այդ ընթացքում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված 67 երեխայից 66-ը ծնվել է առողջ:
ՀՌՎ բուժումը Հայաստանում տրամադրվում է անվճար միջազգային բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ: Առաջին շարքի բուժումը արժե տարեկան 130 մինչև 1300 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «ՁԻԱՀ»-ի խնդրի ջատագովության խումբը:
Մեկնաբանել