
«Սովորական պատգամավոր տղու» անսովոր եկամուտները
ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) բազմիցս հայտարարել է, որ գործարար չէ եւ բիզնեսով չի զբաղվում, սակայն ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որտեղ հայտարարագրել է հասարակ պատգամավորին «ոչ վայել» եկամուտներ, պատկերն ամնիջապես փոխվում է:
Վերջին ժամանակներում Գրիգորի Մարգարյանը նույնիսկ գործընկեր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շահերն է պաշտպանում, երբ լրագրողները վերջինիս դիմում են որպես գործարար: Գ. Մարգարյանը հայտարարում է, թե իրենք «սովորական պատգամավոր տղերք» են:
Գրիգորի Մարգարյանը 2011թ. հայտարարագրել է 36 մլն 571 հազար 40 դրամ, որից 3 մլն 121 հազար 40 դրամը աշխատավարձն է, իսկ մնացածը գույքի օտարումից ստացած եկամուտն է:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Գ. Մարգարյանը 2011-ի սկզբին ունեցել է 2 միլիարդ 136 մլն դրամ, իսկ տարեվերջին 2 մլրդ 91 միլիոն 500 հազար դրամ, ինչպես նաեւ տարվա ընթացքում անփոփոխ մնացած 815 հազար դոլար:
Պատգամավորը տարվա ընթացքում ձեռք է բերել 7 եւ 11.4 մլն դրամ արժողության երկու հողամաս, ինչպես նաեւ 31 մլն դրամով մեկ բնակարան եւ 2 մլն դրամով ավտոտնակ: Բացի այդ՝ նա ունի 3 շենք շինություն եւս:
2011-ին Գրիգորի Մարգարյանը 27 մլն դրամով վաճառել է 2008թ. արտադրության «Մերսեդես G550» մակնիշի ավտոմեքենա եւ գնել է 2011թ. արտադրության «Պորշե Կայեն» մակնիշի ավտոմեքենա, որն արժեցել է 28 մլն 700 հազար դրամ:
Իհարկե, գնված ավտոմեքենան պատգամավորի միակ փոխադրամիջոցը չէ: Նա նաեւ ունի «Դեյվո Դամաս» եւ «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենաներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել