
Երբ Հայաստանում ոչ թե գործընկեր, այլ «գործիքներ» են փնտրում
Անցած շաբաթ Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե Արևելյան Եվրոպայում և Միջին Ասիայում ընդդիմադիր տրամադրությունները ճնշելու Ռուսաստանի քաղաքականությունը և ինտեգրացիոն գործընթացները խորհրդայնացման միտումներ ունեն՝ «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» անվանումների ներքո:
«Չպետք է սխալվենք։ Մենք գիտենք, թե որն է նպատակը, և փորձում ենք ազդեցիկ միջոցներ գտնել՝ այդ գործընթացը կանխելու կամ դանդաղեցնելու համար»,- ավելացրեց Քլինթոնը: Պետքարտուղարի մակարդակով նման հայտարարությունն առնվազն վկայում է, որ ԱՄՆ-ն սկսել է լուրջ վերաբերվել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պուտինյան գաղափարի իրագործմանը: Եվ դա անհիմն մտավախություն չէ:
2011թ. նոյեմբերի8-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ընդունեցին Եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը, որով կողմերը պատրաստակամություն էին հայտնել ստեղծել Միասնական տնտեսական տարածք: Մեկ տարի անց «Եվրազեսի» անդամ Տաջիկստանն ու Ղրղզստանը պաշտոնապես ցանկություն հայտնեցին միանալու այս պրոյեկտին:
Անցած շաբաթ Աշխաբադում կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին առաջարկեց օգտվել GLONASS GPS համակարգից, որը նախատեսված է ցամաքային, ծովային և օդային ողիների և բեռնափոխադրումների համար օպերատիվ նավիգացիոն-տեղեկատվական ծառայություններ մատուցելու համար:
Բացի տնտեսական բաղադրիչից՝ ինտեգրացիոն գործընթացները սկսել են ներառել նաև մշակութային և քաղաքական ոլորտները: Պատահական չէր, թերևս, «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի՝ ֆուտբոլի ԱՊՀ առաջնություն կազմակերպելու մտահղացման ի հայտ գալը, որն արագորեն սկսեց հավանության արժանանալ ռուսական և ԱՊՀ երկրների ֆուտբոլային ակումբներում:
Ուկրաինայում առավելաբար ռուսամետ կողմնորոշում ունեցող Վիկտոր Յանուկովիչի, այս տարի Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակները և նախկին արևմտամետների՝ Յուլյա Տիմոշենկոյի և Միխեիլ Սահակաշվիլիի, նրանց գլխավորած ուժերի նկատմամբ սկսված քաղաքական ու իրավական հալածանքները եկան վկայելու, որ այս երկրներում Ռուսաստանը որոշակիորեն վերականգնում է կորցրած դիրքերը: Մոսկվան չի թաքցնում, որ ձգտում է «Եվրասիական միության» շոգեքարշ տեսնել ՀԱՊԿ անդամ երկրներին՝ օգտագործելով ընդհանուր անվտանգության համակարգի ստեղծման մեջ իր ունեցած հեգեմոն կարգավիճակը:
Բայց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն արդեն բացահայտ է խոսում «խորհրդայնացման» այս ինտեգրացիոն գործընթացները «կանխելու» վճռականության մասին, ուղղակի նոր ու շատ ավելի լուրջ մարտահրավեր է դառնում այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որովհետև դա սկսելու է իր ազդեցությունը թողնել արտաքին և ներքին քաղաքական իրողությունների վրա:
Ռուսական կայսերապաշտական ծրագրերը կանխելու համար ԱՄՆ-ն, անշուշտ, փորձելու է պաշտպանել բոլոր այն երկրների իշխանություններին, որտեղ վարվում է քիչ թե շատ հավասարակշիռ ու «ռուսական արջի» ճնշումներին դիմադրող քաղաքականություն: Միաժամանակ Արևմուտքը ձգտելու է ակտիվացնել համեմատաբար ազատ, նաև արևմտյան դոնորների ֆինանսավորմամբ գործող հասարակական-քաղաքական շրջանակներին՝ փորձելով ստեղծել ներքին հասարակական ալյանսներ Կրեմլից պարտադրվող այս միտումներին դիմակայելու համար:
Այս իմաստով Հայաստանի իշխանությունների որդեգրած եվրաինտեգրման ուղղությունը և այդ համատեքստում ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող հաջող բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի, Ասոցացման ու Վիզային ռեժիմների մեղմացման ուղղություններով ԱՄՆ-ին ու Արևմուտքին այստեղ այդ բարիկադներն ստեղծելու լայն դաշտ են ընձեռում: Դա ենթադրում է, որ առաջին հերթին փորձ է արվելու պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի եվրաինտեգրման քաղաքականությունը, որքան էլ հասկանում են դրա ձևականությունը:
Դրանով կարելի է բացատրել այն նկատելի սառը վերաբերմունքը, որն անցած շաբաթ Բրուսելում ցուցաբերվեց ԲՀԿ նախագահի ղեկավարած պատվիրակության նկատմամբ: Թե Գագիկ Ծառուկյանին և թե Սերժ Սարգսյանին պարզորոշ ուղերձ հղվեց առ այն, որ ԲՀԿ-ն և նրա ղեկավարը միարժեքորեն դիտարկվում են ռուսական շահերի և արժեհամակարգի տիրույթում, և իբրև այդպիսին՝ այս ուժը չի կարող աջակցություն ստանալ եվրակառույցներից:
Բայց մյուս կողմից Արևմուտքը նաև ձգտելու է նեղացնել Բրույսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Սերժ Սարգսյանի մանևրի հնարավորությունները: Դրա համար Արևմուտքն իր տրամադրության տակ ունի մի քանի լծակ: Նախ, Իրանի հետ առևտրատնտեսական ու էներգետիկ հարաբերություններ կառուցելու համար Հայաստանին թողնված եզակի մանդատը, որը կարող են ցանկացած պահի ետ վերցնել: Երկրորդ՝ Հայաստանի նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների մի մասն ապահովելու խոստումները, ինչպես նաև Մեծամորի գործող ԱԷԿ-ի գործունեության ժամկետները մինչև 2026թ. երկարաձգելուն համաձայնելը:
Եվ ամենահիմնականը՝ Հայաստանի տնտեսությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ այն ֆինանսական ներարկումների խոստումները, որոնք ԵՄ-ն տվել է Սերժ Սարգսյանին այսպես կոչված «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համատեքստում: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության հիմնական պաշարը փորձում է ստանալ հենց Արևմուտքից, ապա պատկերն ամբողջական կդառնա:
Սակայն մյուս կողմից Ռուսաստանը ևս առավել, քան երբևէ, Հայաստանում վստահելի, հավատարիմ իշխանության, քաղաքական հենարանի կարիք ունի, եթե նույնիսկ անտեսենք Եվրասիական միության գաղափարն այստեղ տարածելու և դրա շուրջ քաղաքական ու հասարակական պահանջարկ ձևավորելու նրա ակնհայտ ձգտումները: Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ Ռուսաստանը վերջնականապես դադարեցնում է Գաբալայի ռադիոլոկացիոն տեղորոշիչ կայանի շահագործումը՝ Ադրբեջանի կառավարության հետ վարձակալության գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:
Սա նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է բերում իր ռազմական փոքրիկ կոնտինգենտը Ադրբեջանից: Հարավային Կովկասում միակ երկիրը, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն, մնում է Հայաստանը: Եթե նաև նկատի առնենք Թուրքիայում «Patriott» հրթիռային կայաններ տեղադրելու ՆԱՏՕ-ի որոշման արդյունքում Մոսկվայի ունեցած խիստ մտահոգությունները, կարելի է հասկանալ, թե Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան, դրանով հանդերձ Հայաստանն՝ իբրև պլացդարմ, իրենց բառերով «ֆորպոստ» պահպանելը, ռազմավարական ինչպիսի նշանակություն է ստանում Մոսկվայի համար:
Հայաստանը երկու ամիս առաջ վավերացրեց ՀԱՊԿ-անդամ երկրների տարածքում այլ երկրների կամ կազմակերպությունների ռազմական օբյեկտներ տեղակայելու փաստացի արգելման մասին արձանագրությունը, որը այլ կերպ, քան անվտանգության համակարգի ընտրության հարցում ինքնիշխանության զոհաբերում Ռուսաստանին, դժվար է անվանել: Այս հարցում Հայաստանը և Սերժ Սարգսյանը Մոսկվայից փախչելու տեղ այլև չունեն: Փախչելու տեղ չունեն նաև էներգետիկ գերկախվածության ու ամենաորոշիչը՝ Ռուսաստանից հոսող հսկայական ծավալի տրանսֆերտների պատճառով, որոնք Մոսկվայի ձեռքին դարձել են Երևանի գլխին ճոճվող իսկական մահակներ:
Չնայած դրան՝ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում ունենալ այնպիսի քաղաքական համակարգ, ներկապնակ, որը թույլ կտա ցանկացած պահի համարժեք «ռոտացիա» անել՝ առանց երկիրը լուրջ ցնցումների ենթարկելու, որովհետև դժվար է կանխատեսել, թե իր շահերը որքանով կվնասվեն, եթե ինքը սկսի այդ մահակները ոչ թե ճոճել, այլ հարվածել Հայաստանի «գլխին»:
Այս իմաստով ԲՀԿ-ն և նրա շուրջ ձևավորվող, այսպես կոչված, այլընտրանքային քաղաքական բևեռի ստեղծումը կարող են Մոսկվայի ձեռքին դառնալ ավելի նուրբ էֆեկտներ ունեցող ազդեցիկ գործիք: Չի կարելի բացառել, որ Մոսկվան ինքը որոշակի դերակատարություն ունենում է այդ բևեռի ձևավորման հարցում, թեև ցուցաբերած զգուշավորությունից պարզ է դառնում, որ Կրեմլում ավելի շատ առայժմ հակված են Հայաստանի գործող իշխանության հետ «լեզու գտնելու» տարբերակին:
Թերևս հաշվի է առնվում երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ չնայած Սերժ Սարգսյանը դեռևս «այո» չի ասել Եվրասիական միությանը, սակայն «ոչ» էլ չի ասել: Ու քանի որ Մոսկվան առայժմ ընդամենը այդ միությանը միս ու արյուն տալու նախադրյալներն է ստեղծում, և չկա առարկայական բանակցությունների մեծ բազա, չի էլ փորձում ուժեղ ճնշել Երևանին՝ հաշվի առնելով նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված չափազանց նուրբ իրավիճակում ավելորդ լարվածության օջախ չստեղծելու գերխնդիրը: Եվ երկրորդ՝ Ռուսաստանի ծրագրերը հայաստանյան իշխանությունների հետ կարող են կապված լինել ոչ թե այս, այլ 2018-ի նախագահական ընտրությունների, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին շրջանում Հայաստանի իշխանության նախընտրելի ժառանգորդ հասունացնելու նպատակադրման հետ:
Այլ կերպ ասած՝ Հայաստանն աստիճանաբար հայտնվում է աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, որտեղ երեք կենտրոնից յուրաքանչյուրը ձգտելու է նվազեցնել Հայաստանի, այսպես կոչված, «համադրման», իսկ իրականում մանևրի քաղաքականության ռեսուրսը և պահանջել հստակեցնել արտաքին քաղաքական վեկտորները՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Միաժամանակ Հայաստանում միմյանց հակակշռելու հրամայականը հանգեցնելու է նրանց կողմից Հայաստանում փոխբացառող քաղաքական հենման կետերի ստեղծման ջանքերին, ինչը հանգեցնելու է ներքին քաղաքական, հասարակական անկայունության մակարդակի աճի: Եվ չի բացառվում, որ նախագահական ընտրությունների հետ կապված առկա անորոշությունը պայմանավորված է հենց այս արտաքին գործոններով:
Մեկնաբանել