
Էլիտար շենքի շուրջ կրքերը թեժանում են. գործին միացել են դեսպանը և նախագահի վերահսկողականը
Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հասցեագրված նամակին արձագանքելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ Խուդյանի գործին հետեւում են:
Հիշեցնենք, որ դեսպանին հասցեագրված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացած, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործը հսկող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Վերոհիշյալ խմբի անդամներից մեկը շինարար Վլադիսլավ Մանգասարյանն է:
Դեսպան Ջոն Հեֆերնը նախագահի վերահսկողության ծառայության պետի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի ներդրումների ճակատագրի մասին: Սա նշանակում է, որ Վերահսկողականից պետք է պատասխանեն դեսպանին: Նախագահականի իրավաբանները հանդիպել են Էդմոնդ Խուդյանի շահերի ներկայացուցչին՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին: Վերջինս պատմեց, որ ինքը ներկայացրել է գործը, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Վլադիսլավ Մանգասարյանը երկար ժամանակ չէր արձագանքում մամուլի հրապարակումներին: Բայց անցյալ շաբաթ նա բաց նամակ գրեց լրատվամիջոցներին: Սա կարող է նշանակել երկու բան. առաջին՝ վերահսկողականն արդեն որոշել է, թե ինչ է պատասխանելու դեսպան Ջոն Հեֆերնին, եւ Վլադիսլավ Մանգասարյանի միջոցով ինչ-որ բաներ են ասում, որ հետո այդ «ինչ-որ բաները» հաստատեն: Երկրորդ՝ Վլադիսլավ Մանգասարյանի գործերն իսկապես վատ են, նա խառնվել է իրար եւ սկսել հայտարարություններ տարածել: Թե այս երկու տարբերակներից որն է «աշխատելու», առայժմ դժվար է ասել:
Իր բաց նամակում Վ. Մանգասարյանը հիշատակել է նաեւ «Հետքի» հրապարակումները: Մեր հերոսն իրականում ստեղծագործելու աներեւակելի ունակություններ ունի: Չգիտես ինչու նա այդ նամակում չի ասել, որ «Հետքը» միշտ ներկայացրել է իր տեսակետները (փաստաբանի միջոցով) եւ կոնկրետ իրեն առաջարկել հարցազրույց տալ: Մանգասարյանը, բնականաբար, «մոռացել» է մեր հանդիպման մասին, «չի հիշում», թե ինչպես հարցազրույցի ժամանակ հայտնվեց «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի աշխատասենյակում եւ ինչպես էր մեկ ժամ առանց ընդմիջման խոսում ամեն ինչի մասին: Այդ օրը Վ. Մանգասարյանը խոստացավ հարցազրույց տալ եւ պատասխանել «Հետքի» հարցերին: Նա ինչ-որ թղթեր ցույց տվեց, ասաց, որ դրանք վերջնական չեն, որ կպատրաստվի եւ հարցազրույց կտա: Մանգասարյանը նույնիսկ հեռախոսահամար տվեց, որը, սակայն, երբեք հասանելի չէր:
Ո՞վ է Վլադիմիր Մանգասարյանը: Ընթեցողներին նորից հիշեցնենք այն, ինչ մեզ հայտնի է: Վլադը, նրան այդպես են դիմում ընկերները, խորհրդային տարիներին եղել է «Երեւանշին» ձեռնարկության կառավարչի տեղակալը: Ընկերներից շատերի մոտ Մանգասարյանը միշտ հպարտությամբ նշում է, որ գործունեության ընթացքում 600 հազար քմ շինարարություն է իրականացրել:
Էլիտար շինարարության բումի ժամանակ Վ. Մանգասարյանը սկսեց շենքեր կառուցել ինչպես Երեւանի կենտրոնում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում: Դրանց մի մասն առ այսօր անավարտ է, բայց Վ. Մանգասարյանն այժմ էլ Երեւանում էլիտար շենքեր է կառուցում: Նա է 2009թ. հունիսին սնանկ ճանաչված «ՎԷՌՄ» շինարարական կազմակերպության փաստացի ղեկավարը, ղեկավարում է նաեւ «Կամար» ՍՊԸ-ն: Վ. Մանգասարյանը նաեւ «ՎԷՌՄ» եւ «Կամար» ՍՊԸ-ների հիմնադրած «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի իրական սեփականատերն ու ղեկավարն է: Դատարանի 08.01.2009 թ. վճռով ինքը՝ Վլադիսլավ Մանգասարյանը, ճանաչվել է սնանկ:
Իսկ ինչու է Վլադիմիր Մանգասարյանը այս տարվա նոյեմբերի 14-ին իր աշխատասենյակում վիճաբանել գործընկերոջ՝ Աշխարաբեկ Քալանթարի հետ (վերջինս առավել հայտնի է «Գաջի գործարանի ապեր» մականվամբ): Ըստ ոստիկանությունում Վլադիմիր Մանգասարյանի տված բացատրության՝ «Աշխարաբեկ Քալանթարն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մանգասարյանի (Վլադիմիր Մանգասարյանի որդու) ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել, և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարաբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի»:
Հիշեցնենք, որ Աշխարաբեկ Քալանթարը «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի 40 տոկոսի բաժնետերն է: Մնացած 60 տոկոսը պատկանում է «Կամար» (30 %) եւ «ՎԷՌՄ» (30 %) ՍՊԸ-ներին: Իսկ այս երկուսի հիմնադիրը եւ սեփականատերը, ինչպես նշեցինք, Վլադիսլավ Մանգասարյանն է: Հենց «Վ.Մ.Գ. գրուպ»-ն էլ «տիրացել» է սփյուռքահայ գործարար էդմոնդ Խուդյանին պատկանող տարածքներին:
«Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերերի՝ վերոնշյալ զինված «ռազբորկայի» կապակցությամբ ոստիկանությունից «Հետքին» հայտնել են, որ փաստի առթիվ նույն օրը քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի (Ծեծ) եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հատկանիշներով: Գործում դեռեւս մեղադրյալներ չկան: Ըստ ոստիկանության՝ հետագա գործողությունները կապված են նշանակված փորձաքննությունների պատասխաններից, որոնք առայժմ չեն ստացվել:
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե նման միջադեպի մասնակից լիներ որեւէ սովորական քաղաքացի, ինչ կաներ ոստիկանությունը: Հավանաբար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ մամուլի ասուլիս կհրավիրեր եւ անձամբ կներկայացներ «հանցագործներին»: Իսկ սա այդ դեպքը չէ, սա «փաթեթով» (այսինքն՝ միանգամից մի քանի քրեական գործեր ներառող) գործերից է, որոնց ճակատագիրը սովորաբար «անհայտ» է մնում:
Ի՞նչը կարող էր լինել երկու բաժնետիրոջ վեճի առարկան: Բնականաբար՝ փողը: Ո՞վ ո՞ւմ է «քցել», հայտնի է ոտիկանությանը: Բայց ոստիկանությունը նման դեպքերում, ըստ երեւույթին, ընդամենը դիտորդի դերում է: Այսպիսի «խոշոր տրամաչափով» հարցերը Հայաստանում լուծում են ստանում բոլորովին այլ վայրում:
Վլադիսլավ Մանգասարյանն անընդհատ հայտնվում է նորանոր պատմություններում: Վերջին դեպքը՝ «ռազբորկայի» տեսքով, հերթականներից մեկն է: Մաշտոցի 33/1 էլիտար շենքում բնակարաններ ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոստիկանության, ՊԵԿ-ի աշխատակիցներ, նախկին պատգամավորներ… Իսկ որտեղ պաշտոնյաներ կան, մութ պատմությունների առկայությունը երաշխավորված է: Այնպես որ, Վլադիսլավ Մանգասարյանը որքան էլ միտում տեսնի լրատվամիջոցների այս կամ այն հրապարակման մեջ, միեւնույն է՝ ամեն ինչ մի օր ջրի երես է դուրս գալիս:
Դեկտեմբերի 7-ին Վլադիսլավ Մանգասարյանը լրատվամիջոցներին նորից հաղորդագրություն ուղարկեց: Այս անգամ նա խոսում է Էդմոնդ Խուդյանի կողմից «վաճառված» եւ նրան փոխանցված գումարների մասին: Նախ նշեմ, որ «Հետքի» խմբագրությունում այս գործով բազմաթիվ փաստաթղթեր կան: Դրանցում երեւում է Վ. Մանգասարյանի՝ նշած պայմանգրերով փոխանցված գումարների ճակատագիրը:
Իր վերջին հաղորդագրության մեջ Մանգասարյանը գրել է.«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՈՒՆԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԽՈՒԴՅԱՆԻ ԵՎ ԵՍԱՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿՆԻՔՈՎ, ԲԱՆԿԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ»:
Մնում է Վլադիսլավ Մանգաասրյանին ուղղել ընդամենը մեկ հարց՝ արդյոք կարո՞ղ եք ցույց տալ վերոնշյալ պայմանագրերից գոնե մեկը, որը, ինչպես նշել եք, ստացել է նոտարական վավերացում: Խնդրում եմ՝ տրամադրեք այդ փաստաթուղթը, եւ մենք այն կհրապարակենք: Հուսով եմ՝ առաջարկից չեք հրաժարվի:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել