
Գանձասարի պարիսպը փրկելու հարցում սովորական մահկանացուների հույսը պետությունն է
Բոլորն էլ տրամաբանորեն հասկանում են, որ իրենցից՝ սովորական մահկանացուներից, այլևս ոչինչ կախված չէ, և այժմ Արցախի Վանք գյուղի Գանձասար վանական համալիրի պարսպի երեսպատումը պետք է դադարեցվի պետության, պետական իշխանավորների և օրենքների միջոցով: «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանը:
13-րդ դարի վանական համալիրի պարսպի երեսպատումը 10-15 օր առաջ վերսկսել է արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը: Առաջին անգամ նա պարսպի երեսպատման աշխատանքներ սկսել էր իրականացնել 2011թ. ամռանը: Այն ժամանակ երեսպատման դեմ մեծ աղմուկ բարձրացավ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, և Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով երեսպատումը դադարեցվեց:
Դեպքի առթիվ 2011թ. հուլիսի 7-ին Գանձասար էին այցելել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: 2011թ. հուլիսի 13-ի ասուլիսում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Գանձասարի երեսպատումը անվանեց հանցագործություն և անգրագետ հայրենասիրություն: Իսկ 2011թ. հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը և նույն ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը հայտարարեցին, որ Գանձասարի պարսպին ամրացված սալիկները քանդվելու են:
Սակայն Լևոն Հայրապետյանն օրեր առաջ վերսկսեց պարսպի երեսպատումը:
«Ինչ ասեմ, հասկացողին մեկ՝ չհասկացողին հազար ու մեկ: Անցյալ տարի, փաստորեն, կանգնեցվեց մի կերպ, մեծ ջանքերով, շատ բարձր մակարդակով: Էլ դրանից դենը մեր Հայաստանի քաղաքացին ի՞նչ կարող է անել: Հիմա արդեն չես իմանում՝ ինչ անես: Մնում է՝ մի հատ պատ վերցնես գլուխդ խփես»,- ասաց Մանուշակ Տիտանյանը:
Նա Լևոն Հայրապետյանին դատի տալու մեջ իմաստ չի տեսնում, քանի որ այդ գործարարի ձեռքը այսօր ոչ ոք չի բռնում: Մանուշակ Տիտանյանը ենթադրում է, որ երեսպատումը շարունակվում է նաև այս պահին:
Մեկնաբանել