
Կառավարությունը Սահմանադրությանը հակասող օրինագիծ է ներկայացրել ԱԺ
«Ընդերքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք տվեց: Ըստ նախագծի՝ օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձեւակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույտվության իրականացրած գործունեություն եւ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:
Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերին նույնպես համարել ընդերքօգտագործողներ: Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից եւ տարածվելու է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բերված նախագիծը հակասում է Սահմանադրության 22-րդ հոդվածին, քանի որ խստացնող պայմանով տարածվում է նաեւ 2012թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նրա ասելով՝ կամ նախագիծը պետք է փոփոխվի, կամ հետ ուղղարկվի:
ԱԺ նախագահը ակնհայտ դեմ կանգնեց այս նախագծին՝ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հորդորելով քննարկումներ անցկացնել, որպեսզի պարզվեն արդյոք այս նախագիծը մի քանի մարդկանց համար է ընդունվելու:
Վարդան Այվազյանը նույնպես վերապահումներ ունի, մասնավորապես անհատ ձեռներեցներին ընդերքի օգտագործման իրավունք վերապահելու հարցում:
Այս նախագիծը եւ բուռն քննարկումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ կառավարությունը նախագծերը ներկայացնում է առանց խորը վերլուծության եւ ցանկանում է տարեվերջին միանգամից ընդունել տալ:
Մեկնաբանել