
Պաշտպանն ասում է, որ մահացած փաստաբանն ինքն է եղել կռվի նախաձեռնողը
Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնում գործով մեղադրյալ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Քրեական գործով դեռևս շատ նյութեր հասանելի չեն, բացի այդ նախաքննության գաղտնիությունը չխախտելու համար այս փուլում փաստաբանի տրամադրած տեղեկատվությունը սահմանափակ է:
Քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 18-ին` փաստի առթիվ: Հաջորդ օրը մեղայականով ոստիկանություն ներկայացած Արտակ Վերանյանը ձերբակալվել է: Նոյեմբերի 22-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի` նոյեմբերի 18-ին` ժամը 22-ի սահմաններում, «Մուշ» ռեստորանում իր եղբոր` Արեն Վերանյանի և ընկերոջ` Սամվել Դիլոյանի հետ միասին խմբի կազմում իր մոտ ունեցած որպես զենք օգտագործվող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն և այդ ընթացքում դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկել Սամվել Շարբաթյանին: Նույն օրը Արտակ Վերանյանը կալանավորվել է:
«Հետքի» ճշտած տվյալներով` ռեստորանը չունի նկարահանող համակարգ, ուստի` տեսաձայնագրություն` որպես ապացույց, չկա գործում: Վերջին տվյալներով` հարցաքննվել են «Մուշ» ռեստորանի սեփականատերը, ռեստորանի աշխատակիցներ և Շարբաթյանի քրոջ որդին` Հայկ Ասլիկյանը: Մեղադրանքի որոշումը հիմնականում վերջինիս ցուցմունքի հիման վրա է ձևակերպվել:
Ըստ փաստաբան Գուրգեն Հարությունյանին` Վերանյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է. նախ նրա ցուցմունքները չեն հերքվել բավարար ապացույցներով, ապա խուլիգանության և խմբի կազմում սպանության վերաբերյալ` գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել: Փաստաբանի խոսքով` խուլիգանության մասին խոսք լինել չի կարող, քանի որ բավարար տվյալներ կան, որ կռվի նախաձեռնողը հենց Շարբաթյանն է եղել. բոլոր վկաները նույնաբովանդակ ցուցմունք են տալիս: Հանգուցյալը նույնպես որոշակի բռնություն է գործադրել, փոխադարձ կռիվ է եղել` չնայած Վերանյանը մարմնական վնասվածք չի ստացել: Շարբաթյանի մարմնական վնասվածքներն առաջացել են միմյանց խփելու, հարվածելու արդյունքում:
Ինչ վերաբերում է խմբի կազմում սպանություն կատարելուն, դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուն պես փաստաբանը պատրաստվում է վիճարկել նաև այս մեղադրանքը:
Մեղադրանքի մեջ կան մի շարք տեղեկություններ, որոնք հակասական են և չեն համապատասխանում իրականությանը. այսպես` նշված է, որ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, սակայն այս պահին գործում հաճախորդ վկաներ չկան: Նշված է, որ Արեն և Արտակ Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը 3-ն էլ բռնություն են գործադրել Շարբաթյանի նկատմամբ, սակայն Արեն Վերանյանը ներկա չի եղել վիճաբանությանը, իսկ այդտեղ գտնվող Սամվել Դիլոյանը ոչինչ չի արել, կռվողը եղել է միայն Արտակ Վերանյանը: Նշված է, որ վերջինս է Շարբաթյանին հրավիրել ռեստորան, այնինչ հակառակն է եղել: Նշված է, որ զենքը պատկանել է Արտակ Վերանյանին, այնինչ իրականում Շարբաթյանի ատրճանակն է եղել. վիճաբանության ընթացքում Շարբաթյանը գազային ատրճանակ է հանել, որը Վերանյանը խլել է նրա ձեռքից և ինքը գործածել` անկանոն կրակելով: Ընդ որում՝ կան տվյալներ, որ Վերանյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:
Նշված է, որ վիճաբանությունն առաջացել է Շարբաթյանի` Վերանյանի կողմից քրոջ աղջկան «սիրաշահելը և հետապնդելը դադարեցնելու պահանջի պատճառով», սակայն գործով բավարար տեղեկություններ կան, որ նշված անձինք պայմանավորվածություն են ձեռք բերել այդ թեմայի քննարկումը ժամանակավորապես դադարեցնելու և Ամանորից հետո շարունակելու վերաբերյալ: Ավելին` ըստ Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման` դեպքի օրը` մինչև ժամը 21-ի սահմանները, Արտակ, Արեն Վերանյանները, Սամվել Դիլոյանը, Սամվել Շարբաթյանը, Հայկ Ասլիկյանը (վերջինիս քրոջը` Տաթևիկ Ասլիկյանին էր Վերանյանը համակրում ու ցանկանում ամուսնանալ նրա հետ), ինչպես նաև ռեստորանի փաստացի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանը ռեստորանի առանձնասենյակում ճաշել են, օգտագործել ոգելից խմիչք:
Մինչև այդ էլ Վերանյանն ու Շարբաթյանը մի քանի տարբեր տեղերում հանդիպել են, քննարկել նշված թեման: Այս վերջին հանգամանքը լրագրողին տված հարցազրույցում հաստատել է նաև Էդվարդ Խլղաթյանը` նշելով, որ «նույն անձինք երկու օր շարունակ միասին եղել են ջերմ հարաբերությունների մեջ ու փորձել ընկերանալ», և դեպքը վերագրել է ալկոհոլի ազդեցությանը:
Է. Խլղաթյանից մի քանի անգամ փորձեցինք հարցազրույց խնդրել կամ գոնե հեռախոսով մանրամասներ ճշտել, մանավանդ որ ներկա էր եղել դեպքին նախորդած խնջույքին, բայց նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանելուց: Խնջույքից հետո Շարբաթյանը, ըստ Վերանյանին, սկսել է հայհոյել իրեն, ինքն էլ փորձել է հանդարտեցնել նրան, ապա դուրս են եկել բակ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Մեկնաբանել