
Դրսում «վստահություն» մուրացողները
Նոյեմբերի 30-ին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ժամանում էին Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵԺԿ արևելյան գործընկերության երկրորդ համաժողովին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախապատրաստական աշխատանքներն էր կատարում Բրյուսել մեկնելու համար:
Դա պատասխան քայլ էր, որով Գագիկ Ծառուկյանը անուղղակի հասկացրեց, որ ԵԺԿ-ի համաժողովը լիարժեքորեն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի նախագահական ընտրարշավի խոշորամասշտաբ PR միջոցառում՝ գործող նախագահին Արևմուտքի լիակատար աջակցությունը ընտրազանգվածի գիտակցությանը տեղ հասցնելու համար: Բայց այդ քայլով Գագիկ Ծառուկյանը նաև անուղղակիորեն հաստատեց, որ ինքը տանուլ է տվել ոչ միայն այդ, այլ նաև ռուսական «ֆրոնտում», որտեղից սատարելու համարժեք ազդակներ չստանալու պատճառով էլ հենց նորից հայացքը Բրյուսելին է հառել:
Դա էր պատճառը, որ հապճեպորեն մշակվեց Ծառուկյանի բրույսելյան այցը՝ առանց փոքրիշատե հասկանալի դարձնելու, թե ի վերջո ի՞նչ է կորցրել այնտեղ ԲՀԿ ղեկավարը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում այդ այցից, և վերջապես այդ ակնկալիքներն անձնապես ի՞ր համար են, իր բիզնեսի՞, ԲՀԿ-ի՞, թե՞ երկրի:
Անցած տարի ԵԺԿ-ն մեծ շուքով իր շարքերն ընդգրկեց հայտ ներկայացրած հայաստանյան 4 կուսակցությունից երեքին՝ ՕԵԿ-ին, «Ժառագությանը» և հատկապես իշխող ՀՀԿ-ին: Մերժվեց միայն ԲՀԿ-ի հայտը, որն, ի դեպ, ոչ միայն մնացածներից շուտ էր դիմել, այլև այդ նպատակով նույնիսկ դրանից 3-4 ամիս առաջ իր ծրագրային հիմնադրույթներում ու կանոնադրության մեջ փոփոխություններ էր կատարել՝ դրանք համապատասխանեցնելով ԵԺԿ-ի չափորոշիչներին ու պահանջներին:
ԲՀԿ-ն մերժվեց՝ ոչ միայն ակնհայտ ռուսամետ կողմնորոշում ունենալու, այլև Եվրոպայում «պերսոնա նոն-գրանտա» հռչակված Բելառուսի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անձնական ու տնտեսական «քիրվայության» համար:
Մերժումից հետո անցած 1-1,5 տարվա ընթացքում ԲՀԿ-ն եվրոպական արժեքների որդեգրման, վերափոխման ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացրել: Այն ոչ թե փորձել է ապացուցել իր նվիրվածությունը Եվրոպական արժեհամակարգին, այլ արել է ճիշտ հակառակը՝ հնարավորինս ընդգծել է իր գրեթե գենետիկ անհամատեղելիությունն այդ աշխարհըմբռնմանը և մշակույթին:
Հայաստանյան կուսակցություններից ԲՀԿ-ն միակն էր, որ առանց այլևայլությունների, գրեթե միարժեքորեն պաշտպանեց ԵՎՐԱԶԵՍ-ի հենքի վրա Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու և դրան Հայաստանի միանալու պուտինյան գաղափարը: Մի գաղափար, որը Բրյուսելում ընկալում են որպես Եվրամիությանը հակակշռելու և դրան հետխորհրդային երկրների ու հատկապես Արևելյան գործընկերության մաս կազմող վեց պետության հետագա ինտեգրացիան խափանելու միջոց:
Ըստ էության, Ծառուկյանը Բրյուսել է գնացել՝ ոչինչ չունենալով ոչ առաջարկելու եվրոպացիներին, ոչ էլ ստանալու: Ինչպես նախկինում էր ԲՀԿ-ն ԵԺԿ-ին միանալու հայտը ներկայացնում՝ զուտ իր տձև նեոբոլշևիկական էությունը եվրոպական պաստառով ծածկելու համար, այնպես էլ հիմա, այսինքն՝ դա գալիս է ոչ թե վերափոխվելու ներքին անհրաժեշտության գիտակցումից, այլ պարզապես մարտավարական նկատառումներից: Հակառակ դեպքում Գագիկ Ծառուկյանն առնվազն Բրյուսել պետք է գնար ոչ թե իբրև ԲՀԿ-ի սեփականատեր, այլ որպես դրա սովորական ղեկավար:
Չի բացառվում, որ Ծառուկյանը Բրյուսելից կգա ինչ-որ եվրաէմիսարների, չինովնիկների հետ հանդիպումների մասին հարուստ կամ աղքատիկ տեղեկատվությամբ: Սակայն դա ոչինչ չի կարող փոխել: Որովհետև իրավիճակը հասել է այն մակարդակին, որ մինչ Ծառուկյանն է վազում «բրյուսելներ», Բրյուսելն ինքն է Բարոզուի ու Մարթենսի կերպարանքով գալիս Հայաստան՝ գործող վարչակազմին իր անվերապահ աջակցությունը հայտնելու:
Եվրամիությունը եկավ Հայաստան՝ պնդելու, որ անկախ Հայաստանի քաղաքացիների կատարած ընտրությունից, դեռ ընտրությունները չմեկնարկած, արդեն իսկ ճանաչում է Սերժ Սարգսյանի հաղթանակը: Վերապահում, իհարկե արվում է. եթե գործող նախագահը չկատարի ամենաժողովրդավարական հերթական ընտրություններն անցկացնելու անվան տակ անցնցում ու առանց լուրջ ռեզոնանսների իր վերընտրվելու խոստումը, Հայաստանը չի տեսնի այն ֆինանսական օգնությունը, որը համեղ պատառի նման պտտեցնում են ֆինանական նոր ներարկումների ծայրահեղ անհրաժեշտության առջև հայտնված մեր երկրի իշխանությունների աչքերի առաջ: Եվ Սերժ Սարգսյանը, ինչ գնով էլ լինի, պետք է հենց նման ընտրություններ անցկացնի:
Նրա հնարավորությունները չափազանց մեծ են: Ավանի և Գյումրու մեծամասնական ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունները փարատեցին բոլոր կասկածները. իշխանությունը կարող է ինքն իր համար ստանալ ցանկացած այնպիսի արդյունք, որը հարմար կհամարի: Բայց ամենակարևորը՝ չի լինի որևէ ուժ, որը կկարողանա վիճարկել այդպիսի ընտրությունների արդյունքները, որովհետև չի ունենա ընտրախախտումների մասին վկայող և ոչ մի առարկայական ապացույց:
Եվրոպային ոչ թե ժողովրդավարական, այլ անցնցում ընտրություններ են պետք, ինչը հավասարազոր է նրան, որ Բրյուսելին ոչ թե ժողովրդավարական կամ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա խարսխված Հայաստան է անհրաժեշտ, այլ կայուն, կանխատեսելի և հարմարվողական: Պետք է մի պետություն, որը ոչ թե իր պետական շահերով է առաջնորդվում, այլ միջազգային հանրությանը համակարծիք լինելու առաջնայնությամբ: Այլ կերպ ասած՝ Եվրամիությունը Հայաստանում ժողովրդավարության պատրանք, կեղծ եվրոպական արժեհամակարգ է ստեղծում, իսկ դա պահանջում է, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ շրջան մնա նախագահական աթոռին, որովհետև նրանից լավ ոչ ոք այդ խնդիրը լուծել չի կարող:
Առավելևս, երբ Հայաստանում չկա որևէ այլընտրանքային ուժ, որը կարող է հանրային մոբիլիզացման բավարար ռեսուրս ունենալ և միաժամանակ բավարար վստահելի լինել: Այս հարցում ԵՄ-ի, ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կա լիակատար փոխըմբռնում: Հանրապետական կուսակցությունը նեքուստ նույնքան անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների ու մշակույթի հետ, որքան ԲՀԿ-ն: Այն նույնքան նեոբոլշևիկյան է, որքան ԲՀԿ-ն: Բայց երկուսի համար կեղծ ժողովրդավարությունն այն ճահիճն է, որտեղ կարող են լողալ սրտների ուզած չափով:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այնտեղ է լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում հետ Սերժ Սարգսյանը հանդիպելու է առանձին: Դա նրա համար առանձնակի կարևորություն ունի. մի կողմից ԵԺԿ-ական համաժողովի և դրա ընթացքքում արված շեշտադումների ազդեցությունը մեղմելու, իսկ մյուս կողմից՝ վերջապես Պուտինից Հայաստան այցելելու համաձայնությունն ստանալու համար, որն իր նշանակությամբ Սերժ Սարգսյանի համար պակաս կարևոր չէ, քան Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի կայացած այցը:
Եթե դա նրան հաջողվի, ապա ի վերջո կկարողանա վերածվել «բոլոր կենտրոնների նախընտրելի» նախագահացուի: Հարցն այն է՝ բավարա՞ր է դա արդյոք նաև Հայաստանի քաղաքացիների նախընտրելի նախագահացու լինելու համար, կամ ընդհանրապես այդպիսին լինելու խնդիր գործող նախագահը դնո՞ւմ է իր առջև, թե՞ ոչ:
Անկախ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ընտրած մարտավարությունից՝ երկուսն էլ փաստացի փորձում են վստահություն և հենման կետ գտնել դրսում: Տվյալ դեպքում էական չէ՝ Բրյուսելո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Վաշինգտոնում: Էականն այն է, որ Հայաստանի երկու ամենաազդեցիկ կուսակցության, ընդհանուր առմամբ «քաղաքական էլիտայի» համար դրսից ստացած «դաբրոն» ավելի մեծ նշանակություն ունի, քան սեփական ժողովրդին ապավինելը: Որքան էլ սա արհամարհանք լինի սեփական ժողովրդի նկատմամբ, օրինաչափ է. հնարավոր չէ հարգել մի ընտրազանգվածի, որին արդեն «հաճախորդ» են դարձրել:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել