
Ֆինանսների նախարարը բյուջեի նախագիծը ներկայացնում է օրենքի խախտումով
Ազգային ժողովում քննարկվում է 2013թ. բյուջեի նախագիծը: Այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա ներկայացմամբ՝ պատգամավորներից, հանձնաժողովներից ստացվել է 406 առաջարկություն: Կառավարությունն ընդունել և համապատասխան փոփոխություններ է կատարել միայն ստացված հարցերի 16,5 տոկոսի վերաբերյալ:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ ֆինանսների նախարարը խախտում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը և չի ներկայացնում ընդունված կամ մերժված առաջարկությունները, մինչդեռ դրա համար օրենքով հատկացված է 1 ժամ:
Ֆինանսների նախարարը չընդունեց, որ օրենք է խախտում:
Դրանից հետո պատգամավորները հերթով սկսեցին հարցնել, թե ինչու են իրենց առաջարկները մերժվել, քանի որ «տրամաբանություն չէին տեսնում», իսկ նախարարը պարզաբանումներ չէր ներկայացրել:
Դիմելով նախարարին՝ պատգամավոր Արմեն Մխիթարյանն ասաց, որ ներկայացրել էր ընդամենը 3 առաջարկ, որոնք ամբողջությամբ մերժվել են: Առաջարկներից մեկը վերաբերում էր Երևանում գտնվող դպրոցներից մեկի վերանորոգմանը: «Արդեն 5 տարի է՝ նույն հարցով դիմում եմ: Մարդ կա՝ 3-4 դպրոցի հարցով է դիմում ու չի մերժվում, ես չեմ հասկանում»,- դժգոհեց պատգամավորը:
2013թ. նախատեսվում է բյուջեի պակասորդը հասցնել մինչև ՀՆԱ-ի 2.6 տոկոսի, որը 0.2 տոկոսային կետով ցածր է 2012թ. սպասվող նույն ցուցանիշից: Նախատեսվում է, որ 2013թ. ապահովվելու է հարկային եկամուտների և տուրքերի 13.7 տոկոս աճ և ՀՆԱ-ում 0.8 տոկոսային կետով աճ:
Տարվա համար նախատեսված հարկային եկամուտների և տուրքերի տարեկան ցուցանիշի 5.9 տոկոսը նախատեսվել է ապահովել վարչարարական միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների իրականացման շնորհիվ: Կանխատեսվում է տնտեսական աճը հասցնել 6.2 տոկոսի:
Մեկնաբանել